Հասարակական

Հունիսի 1-ին մեկնարկելու է «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հունիսի 1-ին մեկնարկելու է «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում հունիսի 1-ին մեկնարկելու է «Երևանյան ամառ-2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ միջոցառումն արդեն 6-րդ տարին է անցկացվում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ: «Միջոցառման նպատակը Երևանում ամառն ավելի ուրախ և բազմաբովանդակ դարձնելն է: Յուրաքանչյուր մարդ կարող է գտնել իր ճաշակին համապատասխան միջոցառում»,-ասաց նա՝ հավելելով, որ «Երևանյան ամառ-2018»-ն այս տարի նվիրվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Ծրագրի շրջանակում 50-ից ավելի միջոցառումներ են ընդգրկված, բայց Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ՝ այլ բազմաբովանդակ միջոցառումներ ևս կլինեն:

«Երևանյան ամառ-2018» թվականի ծրագրի լոգոտիպը խորհրդանշական է: Կենտրոնում մարդն է, և բոլոր միջոցառումներն ուղղված են լինելու մարդկանց ժամանակը էլ ավելի ուրախ դարձնելուն: Այդ ամենից հետո էլ սպասում ենք դրական էմոցիաների պոռթկում»,-նշեց Բաղդասարյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը տեղեկացրեց, որ միջոցառումների մասին տեղեկատվություն կարելի կլինի ստանալ հատուկ բուկլետների միջոցով, որոնք լինելու են բոլոր վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի մեկ պատուհանում, քաղաքապետարանի կայքերից, ֆեյսբուքյան էջից, մայրաքաղաքի զբոսաշրջիկների համար նախատեսված տուրիստական կետերից:

«Լինելու են ոչ միայն յուրաքանչյուր տարի իրականացվող միջոցառումներ, այլև բազմապիսի նոր միջոցառումներ՝ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի հետ կապված»,-հավելեց Արազ Բաղդասարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում