Հեռուստատեսային շոու-ծրագրից հայտնի բժիշկը նշանակվել է նախարարի խորհրդական
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուժ ինֆո» հեռուստատեսային ծրագրի հաղորդավար, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նշանակվել է նախարարի խորհրդական:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տեր-Մինասյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը»,-գրել է Վահե Տեր-Մինասյանն ու վստահեցրել, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության:
Վահե Տեր-Մինասյանը մասնագիտությամբ ուռուցքաբան-գինեկոլոգ է: