Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Ամիրյանը ծափերի ներքո հրաժաշետ է տվել մշակույթի նախարարության իր գործընկերներին

Արմեն Ամիրյանը ծափերի ներքո հրաժաշետ է տվել մշակույթի նախարարության իր 
գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարած Արմեն Ամիրյանը մայիսի 3-ին հրաժեշտ տվեց նախարարության իր գործընկերներին, որոնց հետ փորձեց, ինչպես ինքն ասաց՝ անել առավելագույնը ոլորտում արմատացած խնդիրները լուծելու, հայ մշակույթն արժանի բարձրության վրա պահելու, աշխարհին այն արժանապատվորեն ներկայացնելու համար: Գործընկերներին հրաժեշտ տալու համար Արմեն Ամիրյանը եկել էր ընտանիքի՝ կնոջ ու կրտսեր դստեր հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ցավոք, ավագ երեխաներս, թոռնիկս այստեղ չեն, այլապես նրանք էլ ինձ հետ կլինեին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկ ու կես տարվա համատեղ աշխատանքի համար: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է ծառայել հայ մշակույթին, ծառայել հայրենիքին: Ես այդ գիտակցությամբ եկա, և հուսով եմ, որ մենք միացանք այդ գիտակցությանը, և մեկ ու կես տարվա ընթացքում միասին կարողացանք աշխատել, արարել հենց այդ գիտակցությամբ»,- նշել է Ամիրյանը:

Նա ցավով է նշել, որ շատ գործեր իր հեռանալով կիսատ մնացին: «Բայց ես վստահ եմ, որ դուք շարունակելու եք այդ ծրագրերը՝ հասցնելով տրամաբանական ավարտին: Եվ վստահ եմ, որ այլևս որդեգրված է այն սկզբունքը, որը պահանջվելու է՝ բարձր հաշտվետվողականություն, ունենալու եք ստեղծագործ մտքեր, որոնք իրականացնելու եք ամենօրյա քրտնաջան աշխատանքով, և ամենակարևորը՝ հայ մշակույթն անպայման տանելու ենք արժևորման ճանապարհով»,- ընդգծել է նա:

Արմեն Ամիրյանը հիշեցրել է, որ մայիսի 9-ին և 14-ին «Համահայկական նվագախմբի» համերգներն են, մայիսի 25-ին «Համահայկական երգչախմբի» համերգը, մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությունը, հետո՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ը, «Երևան 2800» - ը, Ժամանակակաից արվեստի միջազգային ցուցահանդեսը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին առնչվող միջոցառումները և այլն:

«Այս ամենը պատվով իրականացնելու համար ձեզնից պահանջվելու է կրկնակի ջանք ու եռանդ: Դուք անելու եք ավելին, որպեսզի սկսած նախագծերն արժանապատվորեն ներկայացնեք մեր հանրությանը»,- ասաց նախկին նախարարը:

Նա նաև ներողություն խնդրեց նախկին գործընկերներից. «Թերևս որոշ դեպքերում եղել եմ կոպիտ և կտրուկ, բայց հավատացե՛ք, որ դա եղել է հանուն գործի, հանուն այն նպատակի իրականացման, որը եղել է առաջնայինը իմ բոլոր ծրագրերի ու պատկերացումների մեջ: Ուզում եմ իմանաք, որ ցանկացած պահի պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ որպես ընկեր, որպես բարեկամ: Վստահ եմ, որ բարեկամական մեր հարաբերությունները շարունակվելու են շատ երկար»:

«Անկեղծ ասած, երկրորդ նախարարին եմ ճանապարհում, ու մարդկայնորեն ինձ համար հեշտ չէ: Մենք ձեզ շնորհակալ ենք, որովհետև բերեցիք նոր մտածողություն, նոր սկզբունքներ, որոնք սկզբում մեզ համար գուցե խորապես ընկալելի չէին, բայց արդյունքում պարզվեց, որ դրանք իսկապես «աշխատում են»,- ասաց մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը: Նա նաև անկեղծացավ. «Այստեղ բոլորը կհամաձայնեն՝ չափազանց հաճելի էր ձեր զանգերին արձագանքելը, որովհետև մեր անունից հետո «ջան»-ից բացի որևէ մեկս այլ բան չի լսել: Երբ ասացիք՝ զայրացել եք, փորձեցի հիշել մի դեպք ու չհիշեցի: Ես միշտ ասում էի՝ նախարա՛ր ջան, մի քիչ զայրացի, այդքան բարի լինել չի՛ կարելի: Խոստանում էիք ու էլի չէիք անում»:

Պաշտոնը ստանձնելիս՝ մեկ ու կես տարի առաջ, Արմեն Ամիրյանը նախարարություն եկավ ծափերով ու հրաժեշտ տվեց ծափերի ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]