Քաղաքականություն

Փաշինյանը պատրաստ է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները քննարկել այլ քաղաքական ուժերի հետ

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը պատրաստ է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները քննարկել այլ քաղաքական ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն երկու ամսվա ընթացքում, սակայն պատրաստակամություն է հայտնում քաղաքական այլ ուժերի հետ հարցը քննարկել և ընտրություններն ավելի ուշ կազմակերպել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ արտահերթ ընտրությունների կազմակերպման ժամկետի հետ կապված ունեն իրենց պատկերացումները, սակայն պատրաստ են քննարկել այլ քաղաքական ուժերի առաջարկները: «Մենք ունենք մեր պատկերացումները, սակայն քաղաքական դաշտի տարբեր ուժերի կողմից անհանգստություններ են հնչում, որ եթե մենք ցանկանում ենք բոլորի համար հավասար պայմաններ ապահովել, պետք է այնպես անենք, որ քաղաքական դաշտը պատրաստվի այդ իրադարձությանը: Մենք մտածում ենք, որ կարելի է երկու ամսվա ընթացքում անել ընտրությունները, սակայն այս թեման քննարկելի ենք համարում, որ կարելի է մի փոքր ավելի ուշ անել, սակայն տրամաբանության սահմաններում, որպեսզի քաղաքական դաշտն ավելի պատրաստ լինի այդ իրադարձությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Փաշինյանը:

Հարցին` հնարավո՞ր է արտահերթ ընտրություններն անցկացվեն մեկ տարվա ընթացքում, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում ենք, որ մեկ տարին շատ երկար ժամկետ է, սակայն հարցը քննարկելի է: Պետք է բոլոր փաստարկները կշռել»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում