Հասարակական

Դավթաշենի կամրջից դստեր հետ ինքնասպանություն գործած մոր նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն

2 րոպեի ընթերցում

Դավթաշենի կամրջից դստեր հետ ինքնասպանություն գործած մոր նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին դստեր հետ ինքնասպանություն գործած մոր նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Փորձագետներին հարցեր են առաջադրվել՝ պարզելու դեպքին նախորդած ժամանակահատվածում մոր հոգեբանական վիճակը։ Արդյոք նրա հոգեբանական վիճակը կարո՞ղ էր նրան դրդել ինքնասպանության, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա որո՞նք են այդ վիճակի զարգացման պատճառները»,- ասաց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ երիտասարդ կնոջ և նրա 2009թ. ծնված դստեր դիակները հայտնաբերվել է բազմաթիվ վնասվածքներով փետրվերի 15-ին։ Նախնական վարկածով՝ նրանք կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամուրջից ընկնելու հետևանքով։

ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 110-րդ հոդվածի 1-ին մասով ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Փետրվարի 16-ին կատարված դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները հայտարարել են, որ կնոջ և երեխայի մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ ստացած բազմաթիվ վնասվածքներից։

Քննության ընթացքում պարզվել է նաև, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20:00-ի սահմաններում, կինը դստեր հետ այցելել է «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ և պատվիրել պիցցա, ինչից հետո վերցնելով այն դուրս են եկել։

Թե այդ պահից հետո ո՞ւր են ուղևորվել, ի՞նչ գործողություններ են կատարել, կպարզվի քննության ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում