Հայտնի են COAF-ի «Ներառականությունը Հայաստանում» մրցույթի հաղթողները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից անցկացվող ամենամյա մրցույթն այս տարի կրում էր «Ներառականությունը Հայաստանում» խորագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հիմնադրամիմեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանն ասաց, որ մրցույթում դիտարկվել են հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները, առցանց լրատվամիջոցները, տպագիր մամուլն ու լրատվական գործակալությունները: «Ուսումնասիրվել են 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը հայաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած 80 նյութ եւ 15 լուսանկարային ռեպորտաժ: Շնորհակալ եմ, որ կարեւորում եք թեման, եւ ձեր համագործակցությունը հիմնադրամի հետ»,-ասաց նա:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ինեսսա Գրիգորյանի խոսքով` վերջի տարիներին շատ է խոսվում ներառականության մասին, բայց ոլորտում դեռ խնդիրներ կան: «Մոբիլիզացնելով մեր բազմամասնագիտական անդամներին, մենք փորձում ենք մեր շահառու համայնքներում անդրադառնալ ներառականությանը, եւ դրա վառ ապացույցներն են այն բոլոր վերապատրաստումները, որ մենք անում ենք համայնքներում, այն աշխատանքը, որ տարվում է տարբեր խմբերի հետ: Մենք ուրախ ենք, որ այդ աշխատանքը տալիս է իր արդյունքները»,-ասաց նա:
Անկախ ժյուրին ընտրել է չորս նյութ եւ մեկ լուսանկար: Հաղթող հրապարակումների հեղինակներն են Արմինե Օլեյանը «Ար» հեռուստաընկերությունից, Դիանա Ղազարյանը «Հետք» ինտերնետային թերթից, Հասմիկ Դիլանյանը Հանրային ռադիոյից եւ Մարիամ Խալաթյանը Շիրակի հանրային հեռուստաընկերությունից:
Հաղթող լուսանկարի հեղինակը «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունն էր: