Հասարակական

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ընտանեկան բռնության դեմ նոր օրինագիծը կյանքի կոչելու հարցում

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ընտանեկան բռնության դեմ նոր օրինագիծը կյանքի կոչելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության դեմ նոր օրինագիծը կյանքի կոչելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմը։ «Մենք կարևորում ենք այն, որ վերջին հաշվով օրենսդրությունն ապահովի տուժածների պաշտպանությունը։ Եվրամիությունը պատրաստ է, այդ թվում, փորձագիտական օժանդակություն ցուցաբերել», - ասաց նա։

Սաջադ Քարիմը նաեւ տեղեկացրեց, թե ոստիկանության կողմից եղել են դիմումներ առ այն, որ դեպքի վայր մեկնած առաջին արձագանքողների խմբի համար պետք է կազմակերպվեն դասընթացներ, որպեսզի նրանք ճիշտ կերպով կարողանան վարվել դեպքի վայր ժամանելիս: «Մենք ուրախ կլինենք նման դասընթացներ կազմակերպել»,- հավելեց Սաջադ Քարիմը:

Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրինագիծը:

Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են ընտանիքում բռնության կանխարգելումը, այդ բռնության պատճառով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը, ընտանիքում համերաշխության վերականգնումը: Օրենքը նախատեսում է ընտանիքում բռնությունների կանխարգելում և այդ նպատակին հասնելու համար առաջարկում կոնկրետ մեխանիզմներ: Օրենքը ենթադրում է պաշտպանական կամ կանխարգելիչ միջոցներ, որոնք երեքն են` նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն, պաշտպանական որոշում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում