Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կայացավ երաժիշտ-կատարողների IX «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի պաշտոնական բացման արարողությունը

Կայացավ երաժիշտ-կատարողների IX «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 
պաշտոնական բացման արարողությունը

 

ԳՅՈՒՄՐԻ, 20  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 19-ին երեկոյան տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների IX «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, արվեստագետներ տարբեր երկրներից: Հանդիսության ընթացքում հյուրերին ու փառատոնի մասնակիցներին ողջունեցին Արմեն Ամիրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ընթերցվեց Շիրակի մարզպետ Հովսեփ  Սիմոնյանի ողջույնի խոսքը:
«Փառատոնն իր պատմության ընթացքում կարողացել է բազմաթիվ նոր տաղանդներ բացահայտել, մարդկանց, ովքեր իրենց խոսքն արդեն ասել են արվեստում, ովքեր հայտնի են դարձել ոչ միայն հայաստանյան մշակութային պատմության մեջ, այլ նաև ամբողջ աշխարհում: Անչափ ուրախ եմ, որ փառատոնի մասնակից հյուրերն ամեն անգամ իրենց հետ տանում են Հայաստանի մի հատված՝ Գյումրիով ողողված»,-շնորհավորելով փառատոնի բոլոր մասնակիցներին ու բարի երթ մաղթելով փառատոնին՝  նշեց ՀՀ մշակույթի նախարարը: 
Երեկոյին հնչեցին  Եվգենի Բրախմանի, Ադոլֆ Շրայների, Իգոր Ֆյոդորովի, Մագդա Մկրտչյանի, Ցայ Ժու յուի, Հայկ Կազազյանի, Մարիա Շիպուլինայի, Ֆրանկոզի դե Կլոսսի և այլոց կատարումները: Ողջ երեկոյի ընթացքում բեմում Հայաստանի կամերային նվագախումբն էր՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
 
Արդեն իններորդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ-ի և մի շարք երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ  Երեւանի պետական կոնսերվատորիայի  Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին: 2017թ. «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ 35 երկրից: 
Մասնակիցներ  են ժամանել հետևյալ երկրներից. ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելոռուսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Լիտվա, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մոնղոլիա եւ այլն: 
Փառատոնի մրցութային մասը դեռ մեկ շաբաթ առաջ է մեկնարկել, և այս ընթացքում քաղաքի տարբեր մշակութային կառույցներում ու երաժշտական դպրոցներում տեղի են ունենում մրցույթներ: Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 19 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն, հեղինակային երգ, կոմպոզիցիա, զինվորական նվագախմբեր եւ երգչախմբեր, պարարվեստ և այլն:
Այս տարի առաջին անգամ փառատոնի կազմկոմիտեի որոշմամբ, ավելացել է նոր անվանակարգ՝ «Փողային գործիքներ, քաղաքացիական և զինվորական նվագախմբեր» ի հիշատակ Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի երաժիշտների, ովքեր 2016 թվականի դեկտեմբերին ավիաաղետի զոհ դարձան: Փառատոնին ներկա էին նաև համույթի գեղարվեստական ղեկավար Իգոր Ռաևսկին և մենակատար Բորիս Դյակովը, ովքեր երջանիկ պատահականությամբ չեն եղել այդ ինքնաթիռի մեջ:
 
Իրենց անվանակարգերում 19 բացարձակ հաղթողների շնորհվելու են Մեծ մրցանակներ, 63 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III, IV եւ V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: 
Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են արվեստի ավելի քան 70 ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրից: 
Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամների եւ նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում կանցկացվեն համերգներ եւ վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար: 
Ամբողջ փառատոնը կազմկոմիտեն դիտարկում է որպես դասական երաժշտության մեծ համերգ, որին մասնակից հռչակավոր երաժիշտները փառատոնի շրջանակում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության եւ պատերազմների» բարեգործական համերգներով: 
Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները եւ մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: Ամռանը նրանց համար կկազմակերպվի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:
Ինչպես նախկինում, այս անգամ ևս փառատոնն իրականացնող կազմակերպություններն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լեւոն Սարգսյան) եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն` Կարինե Ավդալյան):
Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծել նոր ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը, պատանիներին եւ երիտասարդներին հնարավորություն տալ պատշաճ ներկայացնել իրենց վարպետությունը եւ ազգային մշակույթը, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում:
Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]