Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը

Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին. Հայաստանի ԱԳՆ 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը, որը հանգեցրել է մարդկային կորուստների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

«Խստագույնս դատապարտում ենք այսօր Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը, որը հանգեցրել է մարդկային կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ծառայակիցներին։

Այն պայմաններում, երբ դեռ հաղթահարված չէ ապրիլ ամսին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կարգավորման գործընթացին հասցված լրջագույն վնասը, Բաքուն նոր արկածախնդրության է դիմում՝ կոպտորեն խախտելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, հիմնահարցը խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ հանձնառությունը: Այսպես է Բաքուն պատասխանում Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների արտգործնախարարների հնչեցրած հստակ պահանջին՝ անվերապահ պահպանել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը։

Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին: Իրականացնելով ռազմական դիվերսիան Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին` Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին։

Միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն, անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող, իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am