Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ցեղասպանության մասին Փաուերի հայտարարությունը հնչեց որպես Օբամայի քննադատություն. AP

Ցեղասպանության մասին Փաուերի հայտարարությունը հնչեց որպես Օբամայի քննադատություն. AP

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդյոք Օբամայի վարչակազմը ծածուկ կերպով ճանաչե՞լ է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի սպանությունները ` որպես ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հռետորական հարցով է Associated Press գործակալությունն անդրադառնում անցած շաբաթ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը:

«Երկար ժամանակ ԱՄՆ պաշտոնյաների համար, այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այս եզրույթը տաբու էր, դրա փոխարեն նա խոսում էր զանգվածային սպանությունների ու պատմական ողբերգության մասին: Սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն անցած շաբաթ առաջ է անցել իր ղեկավարից` այդ իրադարձությունները բնութագրելով որպես ցեղասպանություն»,- նշում է AP-ն:

Խոսելով Նոբելյան խաղաղության մրցանակակիր, Հոլոքոստի վերապրող Էլի Վիզելի կյանքի մասին` Փաուերը ափսոսանք է հայտնել, որ անարդարությունները շարունակվում են մինչ օրս: Դրանց թվում Փաուերը նշել է «հայերի դեմ ցեղասպանության ժխտումը»:

«Այս հինգ բառերը (անգլերենում բառերի քանակը հինգ է- խմբ.) կարող են բարկացնել Թուրքիային, որը կտրուկ կերպով մերում է, որևէ փոխկապակցում ցեղասպանության հետ, սակայն որի ռազմավարական դերը մեծ է ԱՄՆ համար` որպես ՆԱՏՕ-ում կարևորագույն դաշնակից այդ անկայուն տարածաշրջանում: Դրանք նաև անակնկալ են` հաշվի առնելով Փաուերի դիրքը որպես երկրի երկրորդ ամենակարևոր դիվանագետ, քանի որ դրանք հնչեցին որպես Օբամայի քողարկված քննադատություն: Երբ Օբաման առաջին անգամ առաջադրվեց որպես նախագահի թեկնածու, նա խոստացավ ընտրվելու դեպքում այդ սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն: Սակայն հետագայում բազմաթիվ առիթներով այդպես չարեց: Ապրիլին հայերի հիշատակության օրը Օբաման այդ սպանություններն անվանեց 20-րդ դարի առաջին զանգվածային սպանություն և ողբերգություն, որը չպետք է կրկնվի»,- նշում է գործակալությունը:

Նյութում հիշատակվում է նաև, որ Փաուերը նախքան դիվանագետ դառնալը Պուլիցերյան մրցանակակիր լրագրող էր, ով երկար ժամանակ գրել է ցեղասպանություններին ԱՄՆ-ի արձագանքի մասին: «Պաշտոնյաները նշում են, որ վարագույրների հետևում նա փորձել է համոզել Օբամային հայերի սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն»,- նշվում է հոդվածում:

Փաուերի մամուլի խոսնակ Քուրտիս Քուփերը շեշտել է, որ դեսպանի հայտարարությունը տեղավորվում է Էլի Վիզելի կյանքի և գործունեության նկատմամբ հարգանքի համատեքստում և չի նշանակում, որ վարչակազմի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն է տեղի ունեցել:

Խնդրին անդրադարձել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մարկ Թոները, ևս նշել է, որ վարչակազմն իր դիրքորոշումն այս հարցում չի փոխել:

«Նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս նշել են, որ Օսմանյան կայսրության վերջին օրերում 1.5 միլիոն հայերի սպանվելը կամ  մահվան երթերով անցնելը պատմական փաստ է, ինչպես նաև, որ այդ փաստի լիակատար, անկեղծ և արդար ընդունումը մեր բոլորի շահերից է բխում»,- ասել է Թոները:  

AP-ի հոդվածի հեղինակը նաև հիշատակել է, որ ԱՄՆ նախագահներից Ռոնալդ Ռեյգանը 1981թ-ին այդ իրադարձությունները բնութագրել է որպես «հայերի ցեղասպանություն»: Բավականին մոտ ձևակերպումներ է օգտագործել նաև նախագահ Ջիմի Քարթերը 1978թ-ին` իրադարձությունները բնութագրելով որպես «հայ ժողովրդին ոչնչացնելու կենտրոնացված ջանք» և «որևէ խմբին բաժին հասած թերևս ամենամեծ ողբերգություններից մեկը»: Հոդվածագիրը հիշեցնում է նաև, որ որպես Օբամայի ընտրարշավի աջակից` Փաուերը ութ տարի առաջ մի տեսանյութ է հրապարակել, որում կոչ է անում ամերիկահայերին քվեարկել Օբամայի օգտին` հաշվի առնելով տեղի ունեցածի մասին անկեղծ խոսելու վերջինիս խոստումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am