Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վերականգնվել է Ծուղրութի Ավետարանը

Վերականգնվել է Ծուղրութի Ավետարանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի շնորհիվ եւ Ամերիկայի Հարավկովկասյան հետազոտության կենտրոնի կողմից տրամադրված ֆինանսավորմամբ հնարավոր է դարձել իրականացնել Ծուղրութի Ավետարանի (կամ Հովհաննես Ավետարան) կոնսերվացման և վերականգնման աշխատանքները տեղում՝  Ախալցխայի Ծուղրութ գյուղում: Լրագրողների հետ զրույցում  Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ, քիմիական գիտ. թեկնածու Գայանե Էլիազյանը, ով գլխավորել է վերականգնման աշխատանքները, նշեց, որ մասնագետները Ծուղրութի  Ավետարանի վերականգնմանը սպասել են շուրջ կես դար: «Ես այս աշխատանքը մեծ հաղթանակ եմ համարում, քանի որ Ավետարանը ոչ մի կերպ չհաջողվեց բերել Մատենադարան, աշխատանքները կատարվեցին տեղում` առանց համապատասխան գործիքների»,-ասաց նա:

Էլիազյանի  խոսքով` ձեռագիրը բավական լուրջ խնդիրներ ուներ, բայց, ի շնորհիվ բանիմաց մասնագետների,  նոր կանք է ստացել: «Ծուղրութի Ավետարանը կունենա երկար կյանք, եթե պահպանվեն պայմանները: Մենք ուղարկել ենք ուղեցույց, բացատրել ենք,  թե ինչպես պետք է իրականացվի պահպանությունը»,-հավելեց նա:

Մատենադարանի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը, ով անմիջական մասնակցություն է ունեցել ձեռագրի վերականգնման աշխատանքներին, նշեց, որ ամբողջ ձեռագիրն ախտահանվել, մաքրվել է, վերացվել են հին վերանորոգումները: «Մենք ամեն օր 12 ժամ աշխատում էինք ձեռագրի վրա: Այդ աշխատանքը պարտավորեցնող էր` հաշվի առնելով ձեռագրի տարիքը եւ այն փաստը, որ հենց տեղում էին արվում բոլոր վերականգնողական աշխատանքները»,- ասաց նա:

Ծուղրութի Ավետարանի վերականգնման աշխատանքները իրականացվել են հոկտեմբերի 8-18-ը:

Ծուղրութի հազարամյա Ավետարանը 1830 թվականից ի վեր խնամքով պահպանել և սերունդներին է փոխանցել Սապոնջյանների ընտանիքը որպես գյուղի սուրբ մասունք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am