Քաղաքականություն

Կառավարության ծրագրում մեծ տեղ է հատկացված տնտեսական բարեփոխումներին և անվտանգության խնդիրներին

3 րոպեի ընթերցում

Կառավարության ծրագրում մեծ տեղ է հատկացված տնտեսական բարեփոխումներին և անվտանգության խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության ծրագրի նախնական տարբերակը: Նիստերի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ կառավարության ծրագիրը բխում է ՀՀ Նախագահի ծրագրային հիմնադրույթներից և նրա փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որում Նախագահը մատնանշում էր երկրում հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման մասին: «Կառավարության ծրագրի նախնական տարբերակում ներքին և արտաքին անվտանգությանն է մեծ տեղ հատկացվում: Մեզ համար անվտանգության խնդիրները շարունակում են արդիական մնալ: Քանի որ մեր երկրում անվտանգության պատասխանատուն ՀՀ Նախագահն է, անվտանգության ոլորտում հիմնական թեզերը վերցված են ՀՀ նախագահի թեզերից: Ծրագրի նախնական տարբերակում հստակ նշված են անվտանգության համակարգի արդիականացման և ամրապնդման անհրաժեշտությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը բոլոր գործընկեր երկրների հետ: «ԼԵռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հարցում մեր դիրքորոշումը մնում է հստակ՝ մենք պետք է քայլեր ձեռնարկենք և խաղաղ ճանապարհով հասնենք հակամարտության կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Կառավարության ծրագրի նախնական տարբերակում մեծ տեղ է հատկացված տնտեսական բարեփոխումներին: Շարմազանովն ընդգծեց, որ այս առումով կառավարության ծրագիրը 6-ամսյա ծրագիր է, քանի որ կառավարությունը գործելու է մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, սակայն ծրագրում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին: «Կառավարությունը և իշխող կուսակցությունն ամեն ինչ անելու են, որպեսզի ներդրումային ավելի բարենպաստ միջավայր ձևավորվի: Շատ կարևոր են նաև սոցիալական հիմնախնդիրները: Ցանկանում եմ հատուկ նշել նաև կրթության ոլորտի բարեփոխումների մասին: Այս կառավարության գործունեության ընթացքում շատ մեծ ուշադրություն պետք է հատկացվի մարզային և գյուղական դպրոցներին»,- ասաց նա:

Կոռուպցիայի դեմ պայքարը ևս նախանշված է կառավարության ծրագրում: Շարմազանովի խոսքով՝ կառավարությունը քաղաքական մեծամասնության հետ միասին կառաջարկի օրենսդրական բարեփոխումներ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շրջանակներում, քանի որ նաև օրենսդրական կարգավորումների խնդիր կա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում