ԱՄՆ-ում ֆիլմ են պատրաստել Ցեղասպանության տարիներին հայ երեխաների փրկած բուժքրոջ մասին
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կանզաս նահանգի Մայետա քաղաքի միջնակարգ դպրոցի ուսանողները փաստագրական ֆիլմ են պատրաստել ամերիկացի բուժքույր Էմմա Դարլինգ Քուշմանի վերաբերյալ, ով փրկել է ցեղասպանության ժամանակ որբացած հազարավոր հայերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է cjonline.com-ը:
Երբ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո օսմանյան իշխանությունները սկսեցին կայսրության տարածքից հեռացնել արևմտյան երկրների քաղաքացիներին, Քուշմանը մնաց Քոնյայում` այն հիվանդանոցում, որտեղ աշխատում էր արդեն մեկ տասնամյակ: Երբ ցեղասպանությունը սկսվեց, նա հիվանդանոցը դարձրեց մանկատուն վտանգի տակ հայտնված երեխաների համար և փորձեց հավաքել ցրված ընտանիքների անդամներին:
Լյուկ Բոյդենը, ով ֆիլմը ստեղծողներից է, նշել է, որ Քուշմանը խիստ վտանգավոր գործունեություն էր իրականացնում մի ժամանակաշրջանում, երբ օսմանյան իշխանություններն ակտիվորեն որոնում էին հայերին: «Էմմա Դարլինգ Քուշմանն անկասկած ամենաքաջ, բարի և համառ մարդն է, ում մենք երբևէ ուսումնասիրել ենք: Նա միայնակ կանգնեց ամբողջ կայսրության դեմ»,- նշել է Բոյդենը:
Բոյդենի, Քոլին Քավինեսի և Քոլին Էվերտսի համատեղ պատրաստած ֆիլմն արժանացել է 2016 Discovery Awards-ի առաջին մրցանակին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում