Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նյու Յորքի հայկական եկեղեցում Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել

Նյու Յորքի հայկական եկեղեցում Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառում է 
անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 21-ին տեղի Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ աղոթք մատուցեցին։

Առաջնորդարանի սրահներում այս կապակցությամբ կազմակերպվել էր 25 հայ անվանի նկարիչների 25 կտավների ցուցահանդես։ Անկախության տարեդարձի կապակցությամբ հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, այլ հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ելույթ ունենալով միջոցառմանը ներկա համայնքային կառույցների ներկայացուցիչների, նյույորքահայերի առջև` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.

«Գերաշնորհ Սրբազան Հայր, 
Սիրելի՛ հայրենակիցներ, 

Հայաստանի Հանրապետությունն արդեն 25 տարեկան է։ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը 25 տարեկան է։ Մեկը կասի, թե դա մեծ թիվ է, մեկն էլ՝ թե դա փոքր թիվ է։

Պատմության ոլորաններով հազարամյակներ շարունակ բարձրացող մեր ժողովուրդն այսօր նշում է իր նորանկախ պետականության ընդամենը քառորդ դարը։

Այդ քառորդ դարի յուրաքանչյուր սեպտեմբերի 21 եղել է յուրահատուկ քննություն Հայոց նոր պետականության կայացման ճանապարհին։ Ճանապարհ, որի հանգրվաններն էին Արցախի գոյամարտը, ուր պետք էր պարտադրել զինադադար, երկրաշարժից ու պատերազմից խոնարհված մեր քաղաքներն ու գյուղերը, որ պետք էր վերականգնել, ցրտի ու խավարի ծանրության տակ կքած հասարակությունը, որ պիտի ոտքի կանգներ։

Բայց այդ քառորդ դարի յուրաքանչյուր սեպտեմբերի 21-ին, երբ այգաբացը լուսավորել է Մասիսի գագաթը, Արարատ լեռան ստորոտին արթնացել է հայ մանուկը՝ դպրոց գնալու, հայ զինվորը՝ սահմանին կանգնելու, հայ շինարարը՝ քարը քարին դնելու, հայ քահանան՝ եկեղեցու զանգը հնչեցնելու, և հայ մարդը՝ սեփական երկրում սեփական ճակատագիրը տնօրինելու և ապրելու, պարզապես ապրելու՝ իր կյանքով շարունակելով մեր ժողովրդի բազմադարյա ընթացքը։

Սեպտեմբերի 21-ի վերջին 25 այգաբացերը դիմավորելու պատիվն ու հպարտությունը մեզ է վիճակվել՝ մեր ժողովրդի ներկա զավակներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Այո՝ Սփյուռքում, որովհետև այս քսանհինգ տարիներին Մայր Հայրենիքը մշտապես զգացել է աշխարհով մեկ ցրված մեր քույրերի և եղբայրների ապրումներն ու հույզերը, ուշադրությունն ու հոգատարությունը, որի կրողն եք այսօր նաև դուք բոլորդ՝ այստեղ ներկաներդ։ Ձեզնից յուրաքանչյուրն, անկասկած, իր մեջ կրում է Հայաստանի մի մասնիկ, բայց ձեզնից յուրաքանչյուրը նաև Հայաստանի մի մասնիկն է։

Սիրելի բարեկամներ,

Սեփական պատմությամբ հպարտանում են բոլորը։ Բայց հպարտանալուց զատ, սեփական պատմությունը պետք է նաև կրել։ Եվ որքան մեծ է այդ պատմությունը, նույնքան մեծ է պատասխանատվությունն՝ այն կրելու։ Այդ իմաստով հայ ժողովրդի ներկա սերունդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պատասխանատվություն է կրում ոչ միայն այս քառորդ դարի համար։ Այդ պատասխանատվությունն իր մեջ ներառում է նաև հայ ժողովրդի դարավոր անցյալը՝ բոլոր լուսավոր ու դժվարին էջերով։

Բայց այդ պատասխանատվությունը տարածվում է նաև ու հատկապես գալիք դարերի վրա, որովհետև այդ գալիքի հիմքը մեծ չափով կառուցվում է այսօր։

Մեր ժողովրդի անցյալ դարերի և գալիք դարերի միջև ահա այս քառորդ դարն է, այսօրվա Հայաստանը՝ համայն հայության Հայրենիք Հայաստանի Հանրապետությունը, որն ընդամենը 25 տարեկան է, բայց որը նաև արդե՛ն 25 տարեկան է։

Շնորհավո՛ր Անկախության տոնը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Փա՛ռք հայ ժողովրդին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am