Բեյրութում տեղի է ունեցել ՌԱԿ երախտավոր Մկրտիչ Մսըրլյանին նվիրված գրքի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) երախտավոր Մկրտիչ Մսըրլյանի ազգային քաղաքական գործունեությանը նվիրված գրքի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակը նրա որդին է` Զավեն Մսրլյանը:
Շնորհանդեսի արարողությանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, դեսպանտան աշխատակիցները և այլոք:
Բացման խոսքով է հանդես եկել «Զարթոնք»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, ով մեծապես կարևորել է Մկրտիչ Մսըրլյանի դերն ու գործունեությունը: Գրքի մասին խոսելու համար բեմ է հրավիրվել Երևանից հատուկ Բեյրութ ժամանած Հովիկ Յորդեքյանը, ով համապարփակ կերպով ներկայացրել է գիրքը` մեծապես գնահատելով մեծ երախտավորի անզուգական գործը, որը ներկայացված է գրքի գլուխների մեջ:
Ելույթով հանդես է եկել նաև «Մկրտիչ Մսըրլյանի ազգային քաղաքական գործունեությունը» խորագիրը կրող գրքի հեղինակը, ով շատ ուշագրավ դրվագներ է ներկայացրել մեծ երախտավորի` իր հոր կյանքից:
Գրքի հասույթից գոյացած գումարը նվիրվել է «Զարթոնք»-ի արխիվի թվայնացման ֆոնդին:
Թալալ Խրայիս
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում