Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավետարանիչների որմնանկարները կզարդարեն Գյումրիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին

Ավետարանիչների որմնանկարները կզարդարեն Գյումրիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Սբ Ամենափրկիչ եկեղեցում շարունակվում են ներքին հարդարման աշխատանքները,  սակայն մինչ դրանց ավարտն արդեն իսկ պատրաստ են եկեղեցու գմբեթի որմնանկարը: Ավելի քան 38 մետր բարձրության վրա` անմիջապես գմբեթի տակ,  որմնանկարը պատկերում է Հիսուս Քրիստոսին՝ բազմած չորս կենդանակերպերի վրա, իսկ ներքևում հրեշտակներ ու հրեշտակապետեր և չորս քերովբեներն են:

Բացի այդ, թմբուկի տակ՝ սյուներին, շատ շուտով կլինեն  4 ավետարանիչների պատկերները:

Սբ. Ամենափրկիչը, ինչպես հեղինակներն անվանել են որմնանակարը, առանձնանում է ոչ միայն  հայկական մանրանկարչությանը բնորոշ պատկերներով ու գունային լուծումներով, այնպես էլ նախշերով:

Գմբեթի տակ` մոտ 20 մետր բարձրության վրա, 4 սյուներին կլինեն ավետարանիչները՝ Մաթևոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես՝  ընդունված համապատասխանաբար չորս խորհրդանշական լուծումներով` հրեշտակակերպ մարդ« առյուծ« եզ և արծիվ։ Եկեղեցական ավանդությունն այս խորհդանիշներին տալիս է հետևյալ բացատրությունը. Մաթևոսի ավետարանն սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ« այդ պատճառով հեղինակը նույնացվում է մարդու հետ, Մարկոսը առյուծի քաջությամբ առաջինն է բարձրաձայնում« որ Քրիստոս Աստծո որդի է, Ղուկասը նույնացվում է զոհի՝ եզի հետ« քանի որ իր պատմությունն սկսում է Զաքարիայի զոհաբերության պատմությամբ։ Հովհաննեսն իր ավետարանի սկզբում արծվի իմաստությամբ վերևից սավառնելով է ներկայացնում Հիսուսի աստվածությունը։ Նախկինում եկեղեցին որմնանակարներ ունեցել է միայն խորանի հատվածում, որոնք պահպանվել է:

Ինչպես ողջ եկեղեցու վերակառուցման և ներքին հարդարման, այնպես էլ որմնանկարի ստեղծման աշխատանքները կատարվել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Ստեղծագործության հեղինակը՝  որմնանկարիչ Լևոն Զաքյանը, «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ արդեն մեկ ամիս է ինչ Վահագն Հովհաննիսյանի հետ կրկին աշխատում են «Ամենափրկչի» նոր որմնանկարների վրա: Ի տարբերություն գմբեթի տակ գտվող որմնանկարի, որի բարդությունը կայանում էր  բարձրության մեջ՝ մինչ որմնանկարի պատկերումը կատարվել է  մաթեմատիկական հաշվարկ՝ համաչափություն ապահովելու համար, իսկ սյուների վրա աշխատանքն ավելի հեշտ է տրվում:

«Սա գմբեթի տակի որմնանակարի, ասես, շարունակությունն է: Անցած տարի, երբ ավարտեցինք գմբեթի որմնակարը, հնարավոր չէր սյուների վրա աշխատանք սկսել՝ դեռ ծեփապատված չէր: Պետք է այնպես անենք, որ այս որմնանկարներն ամեն ինչով լինեն գմբեթի որմնանկարի շարունակությունը և կապված լինեն միմյանց հետ»,-նշեց Լևոն Զաքյանը:

Գյումրիի խորհրդանիշներից մեկը համարվող 1860 ականներին կառուցված, ավելի քան 36 մետր բարձրություն /առանց գմբեթի/ ունեցող եկեղեցին, որի ճարտարապետը եղել է Թադևոս Անտիկյանը, խորհրդային տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ: Եկեղեցին կառուցվել է «Անի»-ի մայր տաճարի օրինակով: Գյումրիում տարածված ավանդապատումը նշում է, որ վարպետն  ամեն անգամ քարը դնելիս ֆայտոնով  գնացել է Անի և հետ եկել ու նոր շարունակել շինարարությունը՝ քար առ քար ապահովելով եկեղեցիների նմանությունը:  Որոշ աղբյուրների պնդմամբ՝ եկեղեցու շինարարության  համար ծախսվել է 60 հազար ռուսական ոսկի, եղել են նաև հանգանակություններ, իսկ գյումրեցիներն աշխատել են անվարձահատույց: Եկեղեցու խաչը սկզբում եղել է փայտից:

1988 թվականի երկրաշարժից եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկեցին 1998 թվականին նախ հանգանակություններով, ապա ստեղծված «Ամենափրկիչ» հիմնադրամի կողմից բարերարների միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքերն իրականացվել են պահպանելով նախկին ճարտարապետական տեսքը`  օգտագործելով եկեղեցու հին քարերը, սակայն ամրության համար ավելացվել են մետաղյա կոնստրուկցիաներ: 2002 թվականից վերականգնման աշխատանքների համար  ֆինանսական հիմնական բեռը վերցրել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն  ու նրա ընտանիքը: Նրանց միջոցներով հիմնանորոգվեց եկեղեցին և խաչը:

Տեղադրված խաչով եկեղեցին ունի 47 մետր բարձրություն: Ներկայում ընթանում են եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: Եկեղեցու վրա արդեն տեղադրված է նաև փոքր զանգը, որը քաղաքին է նվիրել քանդակագործ Արտուշ Պապոյանը:

Շատ գյումրեցիներ վստահ են, որ  1988 թվականի երկրաշարժից հետո  Գյումրիի վերականգնումը կազդարարվի հենց  Ամենափրկչի վերականգնումով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am