Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարը դատապարտել է ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 3-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի հետ, որին ներկա էին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Ազգային ժողովի և Ֆինլանդիայի Էդուսկունտայի միջև շփումների խթանման հարցերին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և խորացման կարևոր ձևաչափ։
Հանդիպման օրակարգում էին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղիների, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։
Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարը դատապարտել է ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը և մարդասիրական իրավունքի խախտումները՝ ընդգծելով, որ իր երկիրը միանշանակ աջակցում է հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում