Երևանյան բեսթսելեր 4/9. Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Երկրորդ հորիզոնականում է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն երրորդ հորիզոնականում է:
Իսկ Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, չորրորդ հորիզոնականում է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
1990-ականների սկզբի հայաստանյան իրականության բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում, բազմաթիվ հարցեր առեղծվածի քողով են պատված, իսկ բազմաթիվ հարցերի մասին գերադասելին ընդհանրապես լռությունն է: Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» «երկաթուղային վեպը» ռելսերին է դնում հարցեր, որոնց շուրջ մինչ այժմ առեղծվածային լռություն է: Օրինակ՝ ի՞նչ եղան Բաքվի ու Ադրբեջանի մյուս քաղաքների հոգեբուժարանների հայ հիվանդները… Ուստի վեպի հերոսների ուղևորությունը յուրատեսակ ուղևորություն է նաև ընթերցողի համար և նույնքան վտանգավոր. «սարիբեկյանական իրականության» մեջ ընթերցողից հերոսի, նույնն է թե ապուշի վերածվելու սահմանը չափազանց հարաբերական է:
Ջորջ Օրուելի «1984» վեպը վեցերորդն է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
«Այսպես խոսեց Զրադաշտը» գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեի կենտրոնական երկերից է, որում բանաստեղծական շնչով ի մի են բերված նրա հիմնական հայացքները: Հայերեն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակվել է 2002թ.:
Ամերիկացի հռչակավոր գրող Ռեյ Բրեդբըրիի «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար», համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից մեկը: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»:
Իններորդ տեղում է Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:
Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» եզրափակում է աղյուսակը: «Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արձակագրի լավագույն ստեղծագործությունը: Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 16 | |
2 | 0 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 12 | |
3 | +4 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 12 | |
4 | +2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 11 | |
5 | Նոր |
Հրաչյա Սարիբեկյան «Ապուշների ուղևորությունը» |
Անտարես | 7 | |
6 | +2 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 6 | |
7 | * |
Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե «Այսպես խոսեց Զրադաշտը» |
Անտարես | 6 | |
8 | * |
Ռեյ Բրեդբըրի «Մարսյան քրոնիկոն» |
Անտարես | 6 | |
9 | * |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 5 | |
10 | * |
Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի տերը» |
Անտարես | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում