Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«ՀայՓոստ»-ը հյուրընկալել է Եվրոպայի փոստային օպերատորների` տարածաշրջանում առաջին լիագումար ժողովը

«ՀայՓոստ»-ը հյուրընկալել է Եվրոպայի փոստային օպերատորների` տարածաշրջանում 
առաջին լիագումար ժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ»-ը ապրիլի 19-21-ը հյուրընկալել է «PostEurop» եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` եռօրյա միջոցառման նպատակն է միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների և բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր քննարկում են փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները արագորեն փոփոխվող նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում: Եվրոպայի փոստային ոլորտի որոշում կայացնող մարմինների համար համաժողովն արդյունավետ հարթակ է` փոխանակելու իրենց լավագույն փորձն ու ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ գաղափարները: Համաժողովի ժամանակ վեր կհանվեն էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային կառավարման ծառայությունների ոլորտում նոր հնարավորություններն ու զարգացման խթանները:

Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը, «PostEurop» կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլը, «PostEurop»-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունեց Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի հերթական 31-րդ համաժողովի մասնակիցներին, ովքեր հյուրընկալվել են Երևանում։ «Բարձր գնահատելով փոստային ծառայության դերը աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ մեր երկիրը մաս է կազմում Համաշխարհային փոստային միության մեծ ընտանիքին: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և առաջընթացի այս դարում, փոստային կապը` որպես հասարակական հաղորդակցության կարևորագույն միջոց, մեծ նշանակություն ունի հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման համար: Մեր Հանրապետության հեռավոր շրջանների միջև այսօր էլ կապի ամենաարդյունավետ և անփոխարինելի միջոցը փոստն է, որը մեր բնակչությանը մատուցում է ոչ միայն փոստային, այլև տեղեկատվական ծառայություններ»,-ասաց Գագիկ Բեգլարյանը:

Նախարարը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի բարեփոխումներին, որոնց նպատակն է ապահովել մատչելի, հասանելի փոստային ծառայություններ, ոլորտում ներդնել արդի տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև փոստային ծառայությունների միջոցով զարգացնել էլեկտրոնային առևտուրը։

«ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, ընկերության դիտորդ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանն էլ նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել կովկասյան տարածաշրջանում առաջին «PostEurop» լիագումար ժողովը: «Սա յուրահատուկ հարթակ է Արևելքի ու Արևմուտքի միջև գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարևոր են ավելի մատչելի ու կայուն փոստային ոլորտ ձևավորելու համար: «ՀայՓոստ»-ի համար կարևոր է «PostEurop»-ի և համաշխարհային փոստային միության փորձը փոստային գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական ծառայությունների դիվերսիֆիկացիոն և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առևտրի զարգացման տեսանկյունից»,-ասաց Գեչիջյանը:

«PostEurop» կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսևիլն էլ նկատեց, որ իրենց համար պատմական պահ է գտնվել Հայաստանում: «Մենք գնահատում ենք մինչ օրս «ՀայՓոստ»-ի` որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի արձանագրած առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ մեր շարունակական համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջև հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային առևտուրն ու կառավարումը»,-նշեց «PostEurop» կառավարման խորհրդի ղեկավարը:

Լիագումար նիստին կհաջորդի բիզնես ֆորում` միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ: Նրանք կքննարկեն փոստային ոլորտի մարտահրավերները` լուծումներ առաջարկելու ավելի զարգացած ու կայուն ոլորտի ստեղծման ուղղությամբ` նախքան այս տարվա սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային փոստային միության կոնգրեսը:

«PostEurop»-ն ասոցիացիա է, որը ներկայացնում է եվրոպական փոստային օպերատորներին: «PostEurop»-ն ունի 2.1 միլիոն աշխատակիցներ ողջ Եվրոպայում, ովքեր օրական սպասարկում են մինչև 800 միլիոն հաճախորդների ավելի քան 175 հազար սպասարկման կետերի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am