ՀՖՖ-ն Ռոման Բերեզովսկուն ավտոմեքենա նվիրեց
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով Բելառուսի դեմ ընկերական խաղում իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որպես նվեր ստացավ Toyota Prado Land Cruiser մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավտոմեքենայի բանալիները Հայաստան-Բելառուս խաղի ընդմիջմանը Բերեզովսկուն հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար պարգևատրվեց նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Պարգևը Ռոման Բերեզովսկուն հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դարպասապահին նվիրեց նաև նրա յուղաներկ նկարը:
Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1996թ. օգոստոսի 31-ին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում: Հայաստանի հավաքականի կազմում Բերեզովսկին անցկացրել է 94 հանդիպում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում