Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին բախումների հետևանքով զգալիորեն վնասվել է
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Սուր գավառում ավելի քան երկու ամիս շարունակվող բախումների և կրակոցների հետևանքով տուժած եկեղեցիների շարքում է Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:
«Այս տարածքներում, որտեղ բախումներ են տեղի ունենում, եկեղեցիներ կան: Արդեն երկու ամիս է, ինչ այդտեղ ոչ ոք մտնել չի կարողանում: Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ղեկավարությունն այսօր նահանգապետի հետ հանդիպում է ունենալու»,- նշել է Դանզիկյանը:
Թուրքական IMC լրատվամիջոցը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ Սուրի եկեղեցիներից մեկը խիստ տուժել է: Մասնավորապես, վնասված են եկեղեցու պատերն ու պատուհանները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դանզիկյանը նշեց, որ տեսանյութում պատկերված եկեղեցին Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին է, այլ ոչ թե Սուրբ Կիրակոսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում