Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարարն առաջին պաշտոնական այցն է կատարել Չեռնոգորիա

ՀՀ ԱԳ նախարարն առաջին պաշտոնական այցն է կատարել Չեռնոգորիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով հունվարի 20-ին Պոդգորիցա ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչին:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի նախագահը կարևորել է Հայաստանից առաջին բարձրաստիճան այցելությունը Պոդգորիցա՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը։ «Միջազգային համաժողովների շրջանակներում ես շատ հանդիպումներ եմ ունեցել բարեկամ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հույս ունեմ, որ այս այցի արդյունքում երկկողմ փոխայցելությունները և համագործակցությունն առավել կակտիվանան»,- նշել է նա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Չեռնոգորիայի նախագահին փոխանցել է ՀՀ Նախագահի բարեմաղթանքներն ու Երևան այցելելու հրավերը։

Հանդիպմանը երկուստեք շեշտվել է, որ Հայաստանի և Չեռնոգորիայի ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը լավ հիմք է հարաբերությունների զարգացման և առկա ներուժի ամբողջական օգտագործման համար։

Քննարկվել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար համաժողովների անցկացման, ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղիները: Այս առումով զրուցակիցները կարևորել են Երևանի և Պոդգորիցայի միջև դեռևս 1978թ. կնքված համագործակցության մասին համաձայնագրի թարմացումը և երկու երկրների վարչատարածքային միավորների միջև կապերի հաստատումը։

Պոդգորիցայում կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի բանակցությունները:

Դեմ առ դեմ ձևաչափով հանդիպմանը հաջորդեl են պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդանշական է համարել, որ բարեկամ Հայաստանի արտգործնախարարը 2016թ. Պոդգորիցա այցելող ՀՀ առաջին ԱԳ նախարարն է, և վստահություն է հայտնել, որ ացելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Շնորհակալություն հայտնելով Իգոր Լուկշիչին այցելության հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանն ասել է. «2013թ. Հայաստան Ձեր այցելությամբ հիմք դրվեց մեր երկու բարեկամ պետությունների միջև շարունակական քաղաքական երկխոսությանը: Այժմ ուրախ եմ գտնվել Պոդգորիցայում` Հայաստանից Չեռնոգորիա առաջին պաշտոնական այցելությամբ»:

Բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարևորել բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խթանումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը, համագործակցության զարգացումը կրթական, գիտական, մշակութային, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկու մայրաքաղաքների միջև գործընկերության համաձայնագրի թարմացման անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև երկու արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման հետ կապված հարցեր:

Չեռնոգորիայի փոխվարչապետը ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Բալկանյան թերակղզում տեղի ունեցող գործընթացները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։

Հայաստանի և Չեռնոգորիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, Մերձավոր Արևելքում զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին:

Հայաստանի արտգործնախարարը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Նախարարների հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս:

Չեռնոգորիայի փոխվարչապետը պաշտոնական ճաշ է տվել Հայաստանի արտգործնախարարի պատվին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի Ազգային ժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև համագործակցության զարգացման, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության խթանման շուրջ, ընդգծվել է խորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորման կարևորությունը:

Անդրադարձ է արվեց միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում համագործակցության սերտացմանը:

Հայաստանի արտգործնախարարը Չեռնոգորիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները և դրանց խորհուրդը։

Նախարար Նալբանդյանը Ռանկո Կրիվոկապիչին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am