Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երկու տարի ընթերցողի հետ. «Արմենպրես»-ն ամփոփում է «Ականատեսը» հատուկ նախագիծը

Երկու տարի ընթերցողի հետ. «Արմենպրես»-ն ամփոփում է «Ականատեսը» հատուկ 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խմբագրի սենյակում դեռևս 2013թ. ապրիլի սկզբին հեղինակային նյութերի հերթական քննարկման արդյունքում ծնված այս լրագրողական նախաձեռնության հաջողությունը, կարծես, կանխորոշված էր: Մեր նպատակն էր տարեցտարի պակասող ականատեսների երբեմն աղոտ, բայց արժեքավոր պատմությունները ընթերցողին ներկայացնել ոչ միայն տարվա 114-րդ օրը` աշխարհասփյուռ հայության համար օրացույցում առանձնահատուկ կարևորություն ունեցող ապրիլի 24-ին ընդառաջ, այլև այնքան ժամանակ, որքան կպահանջվեր Հայոց ցեղասպանության` Հայաստանի տարածքում բնակվող բոլոր  կենդանի  վկաներին ամբողջական անդրադառնալու համար:

Առաջին նյութը  ընթերցողի դատին հանձնելիս դժվար էր պատկերացնել, որ նախագիծը կունենա ավելի քան երկու տարվա կենսագրություն` կընդլայնի իր տեխնիկական հնարավորություններն (տեքստին ավելացավ նաև նախագծի վիդեո տարբերակը) ու աշխարհագրությունը, և  ամենակարևորը`  կդիպչի ընթերցողների, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց սրտերին:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ  իրականացված նախագիծը մեկ տարի շարունակ եռալեզու տարբերակով հանրության դատին հանձնեց  նախորդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկի կենդանի վկաների 32 պատմություն: Նախագծի առաջին` երևանյան շարքի շրջանակում մենք ներկայացրել ենք տասը պատմություն, որից հետո Հայաստանում և նրա սահմաններից դուրս ստացած դրական արձագանքները, ինչպես նաև տարբեր կառույցների` այդ թվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից համագործակցության առաջարկները հիմք հանդիսացան երկրորդ` մարզաբնակ ականատեսներին նվիրված շարքն իրականացնելու համար:

 Մարզաբնակ ականատեսների առաջին պատմություններն ամփոփվեցին 2014թ. ապրիլին,  այնուհետև նախագծի ստեղծագործական խումբը  շարունակեց այցելությունները դեպի հեռավոր մարզեր նախաձեռնությունը լիարժեք կյանքի կոչելու նպատակով:

Մեզ համար ուրախալի է, որ նախագծի պատմությունները, «Արմենպրես»-ին արված հղումներով, ինչպես նաև օտար լեզուներով թարգմանությամբ, անդրադարձ են գտել այլ լրատվամիջոցներում

Նշենք, որ «Ականատեսը» հատուկ նախագիծն իր աշխատանքի մեկ տարին  խորհրդանշական կերպով 2014թ. ապրիլի 23-ին ամփոփել է Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերում, որտեղ ներկայացրել էինք հատուկ նախագծի առաքելությունը, իրականացման մանրամասները, տարբեր կառույցների հետ աշխատանքը,  ինչպես նաև ականատես-վերապրածների խնդիրները:

Հաղորդման գործունեությանն անդրադարձել է նաև նույն հեռուստաընկերության «Բարդ երկուշաբթի» հաղորդումը, որի ընթացքում  «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը խոսել էր նախագծի կարևորության մասին, ինչպես նաև անդրադարձել  Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող գործակալության մի շարք նախաձեռնությունների: 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  հատուկ  նախագիծը շատերին անտարբեր չթողեց: Ինչպես արդեն նշել ենք, մեր գործակալության գլխավոր նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացքում գուցե փոքր, բայց սեփական ներդրումն ունենալն էր:

100-ամյա տարելիցին ընդառաջ և դրան հաջորդող միջոցառումների շրջանակում  ականատես-վերապրածների նկատմամբ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում ուշադրությունը մեծ էր. ականատես-վերապրածների հետ զրուցելու ցանկություն են հայտնել «Արմենպրես»-ի գործընկեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Իտալիայում Հայաստանի դեսպանության և «Արմենպրես» լրատվական գործակալության աջակցությամբ Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնի կողմից լույս ընծայվեց «Լռության 100 տարին. Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները» խորագրով գիրքը` ներկայացնելով մեր նախագծի հերոս վերապրածների պատմությունները:  

Նախագծի հետևողականության և վերապրածների սոցիալական խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնելու շնորհիվ, նրանց օգնելու և առողջական խնդիրները լուծելու կարևոր նախաձեռնությամբ հանդես եկավ նաև ՀՀ առողջապահության նախարարությունը: Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածներին ՀՀ առողջապահության նախարարությունը   գործընկեր կառույցների հետ տրամադրում է  շարունակական բժշկական օգնություն և սպասարկում: Երևանում և մարզերում բնակվող ականատեսները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն,  ապահովվում դեղերով  և բժշկական պարագաներով:  Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը, որով զանգահարելու դեպքում ականատես-վերապրածների բուժօգնությանը վերաբերող ցանկացած հարց անհապաղ լուծում է ստանում: ՀՀ կառավարության` վերապրածների առողջական վիճակին առնչվող բոլոր հարցերն իր հոգածության ներքո վերցնելու այս քայլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ապրելու ցանկությամբ 100 տարին բոլորած  այս մարդիկ աշխարհին դեռ ասելիք ունեն:

Պետական մեկ այլ նախաձեռնությամբ` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ 2005 թվականից շնորհվող՝ Հանրապետության Նախագահի մրցանակին այս տարի արժանացել են նաև ցեղասպանությունը վերապրած հայ կանայք: Նրանց 2015թ. գարնանը փոխանցվել էր մեկական միլիոն դրամ: 

Ամփոփելով աշխատանքը` շնորհակալություն ենք հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ականատեսների բնակության վայրի վերաբերյալ տվյալների տրամադրման և համագործակցության, իսկ Ալբերտ Մուրադյանին` նկարահանումներին մեծապես աջակցելու համար:

Համաձայն «Արմենպրես» լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության «Ականատես»-ը հատուկ նախագծի երկամյա գործունեության արդյունքում ստացված տեղեկատվության` Արմավիրի մարզում  ցեղասպանությունը վերարապրածների թիվն ամենից շատն է, իսկ  ճնշող մեծամասնության հայրենիքը  պատմական Մուսա լեռն է:

Եթե 2011 թվականի պաշտոնական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ էր ստանում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրած 141 անձ, ապա դրանից երեք տարի առաջ հանրապետությունում դրանց թիվը 250 էր:

2015թ.  հանրապետության տարածքում ապրող ականատեսների շարքերն ավելի քան  նոսրացած են:  Հայաստանում այսօր բնակվում է  Հայոց ցեղասպանությունը վերապրած 26  անձ, նրանցից 3-ը` տղամարդ: Մինչդեռ  2014թ.  ականատես-վերապրածների թիվը հասնում էր 39-ի, նրանցից  25-ը կին էր, 14-ը տղամարդ:

Ինչպես երևանաբնակ ականատեսների, այնպես էլ մարզաբնակերի դեպքում մենք ունեցել ենք տվյալներ միայն մեր պատմության հերոսների բնակության վայրի մասին, հետևաբար նախապես զանգահարելու և հարցազրույցի համար պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորություն չի եղել:   Հաշվի առնելով այս հանգամանքը,  առանձնակի շնորհակալություն ենք հայտնում նաև ականատեսների ընտանիքների անդամներին, որոնք մեծ պատրաստակամությամբ և պարզ անմիջականությամբ  էին ընդունում մեր ստեղծագործական խմբին: Մեր շարքի հերոսներին որոնելու ընթացքն անմասն չէր նաև հետաքրքիր, երբեմն անգամ զավեշտալի դրվագներից,  անմոռանալի տպավորություններից, որոնք դժվար է փոխանցել նույնությամբ: Այն զգացողություններն ու ապրումները, որոնք թղթի միջոցով չենք կարողացել  հանձնել ձեր դատին, փորձել ենք լրացնել լուսանկարներով:

Ականատեսներից շատերն ունեն հիմնականում սոցիալական խնդիրներ, երբեմն էլ պարզ մարդկային ջերմության, իրենց դժվարին ճակատագիրը վերհիշելու, զրուցելու կարիք` չնայած ոչնչից առաձնապես չեն դժգոհում:

Նախագիծն իրականացրին հեղինակ` Տաթևիկ Գրիգորյանը, լուսանկարիչներ Արև Գրիգորյանը, Էդուարդ Սեպետչյանը, Արթուր Հարությունյանը, Սամվել Բերքիբեկյանը, Ֆելիքս Առուստամյանը, Անահիտ Մինասյանը, լրագրող Անի Նազարյանը, Արաքս Կասյանը և Սյունե Բարսեղյանը, ֆոտո և վիդեո խմբագիրներ` Լևոն Զարաֆյանը, Տաթև Դուրյանը և Լևոն Դադասյանը, ինչպես նաև համակարգչային մասնագետներ Սոնա Սարգսյանը, Անի Սաֆարյանը, վարորդ Գևորգ Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am