Բագրատ Ենգիբարյանը հնդկական ՏՏ շուկա մուտքի մեծ հնարավորություն է տեսնում. հայկական լուծումներն աշխարհում առաջիններից են
10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք միլիոնանոց Հայաստանը 1.2 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանի հետ կարող է արդեն նույն հարթության մեջ լինել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուծումներ առաջարկելու առումով: Հնդկաստանի ահռելի շուկան պետք է դարձնել հայկական ՏՏ արտադրանքի գերակայություններից մեկը: Նման կարծիքի է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:«Արմենպրես»-ը զրուցել է Բագրատ Ենգիբարյանի հետ Հնդկաստան կատարած վերջին այցի, ՏՀՏ ոլորտում հայ-հնդկական կապերի ամրապնդման հարցերի շուրջը:
Մասնակցություն Հնդկաստանի տարեկան ճարտարագիտական ցուցահանդեսին
Այցը երեք հիմնական նպատակ ուներ: Առաջինը հայկական կազմակերպությունների ու մեր մասնակցությունն էր Հնդկաստանի տարեկան ճարտարագիտական ցուցահանդեսին, որը տեղի էր ունենում Մումբայ քաղաքում:
Այդ ցուցահանդեսին հնդկական գործընկերները փորձում են փնտրել նոր շուկաներ, ինչպես նաև նոր լուծումներ իրենց շուկայում օգտագործելու համար: Կան շատ ոլորտներ, որոնք կարող են գրավիչ լինել մեզ համար, օրինակ, ջրի պոմպերի ճյուղը: Պարզվում է Հնդկաստանում ցանկացած բնակարան պետք է իր պոմպը տեղադրի, որ ջուր ունենա, պատկերացնում եք` քանի միլիոնի պահանջարկ կա, ու նրանք անընդհատ նմանատիպ շուկաներ ու լուծումներ են փնտրում: Սա ընդամենը մեկ օրինակ էր, ոլորտները տարբեր են` սկսած մեքենաշինությունից վերջացրած էլեկտրոնիկայով: Մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվեց տանել 5 հայկական կազմակերպություն, այդ թվում` Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցչներին: Բավականին հետաքրքիր կապեր հաստատեցինք:
Նոր հայ-հնդկական կենտրոնի ստեղծման ծրագիր
Երկրորդը C-DAC կազմակերպության հետ հանդիպումն էր: Մոտ հինգ տարի առաջ Հայաստանում Հայ-հնդկական գերազանցության ՏՀՏ կենտրոնի հիմնադրման հիմքերը դրվեցին, և ինչպես իրենք են հաստատում, դա նրանց ամենահաջողված ծրագիրն է տարածաշրջանում: Նրանք նմանատիպ ծրագրեր ունեն Բելառուսում, Ուկրաինայում, Ղազախստանում, Միջին Ասիայի մի քանի երկրներում:
Մեզ համար շատ կարևոր էր երկրորդ ծրագրի քննարկումը, որը պետք է իրականանա` ՁԻՀ-ի, ԳԱԱ-ի և C-DAC-ի մասնակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է` երկրորդ քայլը կատարել` հաշվի առնելով Հայ-հնդկական գերազանցության ՏՀՏ կենտրոնի հաջողությունները: Նոր ծրագիրը երեք ուղղություն կունենա. խորացնել կրթությունը բարձր արագագործ համակարգիչների, կիբերանվտանգության, մոբայլ լուծումների և մեծ տվյալների ուսումնասիրության հարցերի շուրջ: Երկրորդը` կփորձենք հետազոտական դրամաշնորհների ու համատեղ հետազոտական աշխատանքների միջոցով ամրապնդել կապերը:
Իրենց կողմից կկատարելագործվի սուպեր համակարգիչը, որն արդեն շատ հին է, մյուս կողմից` կթարմացվի տեխնիկական հագեցվածությունը, այն կմիացվի ԳԱԱ կլաստերին ու կկարողանանք հնդիկների հետ լուծել տարածաշրջանային խնդիրներ: Դրա արդյունքում կփորձենք սպասարկել ոչ միայն Հայաստանը, այլև Վրաստանը, Իրանը: Ինչու չէ նաև կգան այստեղ սովորելու ու կատարելագործվելու:
Այցելություն Հնդկաստանում առաջին ՏՏ տեխնոպարկ Կերալա քաղաքում
Կանաչ անտառների մեջ վեր էին խոյանում համաշխարհային գիգանտներն ու նաև ստարտափերը, ամբողջ այդ նահանգի իշխանությունները ավելի քան 20 տարի մեծ գումարներ են ներդրել, որ այդ ենթակառուցվածքները զարգացնեն: Ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններ են ներգրավել, այլև ստեղծել են իրենց կազմակերպությունները:
Հետաքրքիրն այն է, որ այս տեխնոպարկում միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է ներկայացված, ոչ մի այլ ոլորտի կազմակերպության այնտեղ ներս չեն թողնում: Այցի շրջանակներում հանդիպեցինք մի շարք ընկերությունների ներկայացուցիչների, ովքեր արտահայտեցին իրենց հետաքրքրվածությունը Հայաստանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու առումով: Ապրիլին փոխադարձ այց է նախատեսվում, որպեսզի գան ու ծանոթանան Հայաստանի հետ: Հոկտեմբերին էլ հնարավոր է ԴիջիԹեքին մասնակցեն: Հայաստանն իրենց հետաքրքիր է նաև ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Հայաստանը հաճելի ու հարմարավետ գործընկեր է` նոր գործ սկսելու և նշյալ շուկա մուտք գործելու համար:
Ես զարմանում եմ, որ այսքան ժամանակ քիչ ուշադրություն ենք հատկացրել այդ երկրին: Պետք է նշեմ, որ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը շատ մեծ աջակցություն ցուցաբարեց մեր այցին: Հնդիկները մեզ ավելի մոտ են, քան այլ ազգեր ու երկրներ: Երևան-Դուբայ, Դուբայ-Մումբայ թռիչքը տևում է 5 ժամ, երկրորդը` ահռելի շուկա է, ուր տարբեր լուծումների կարիք կա: Եթե առաջ ծիծաղելի կլիներ Հայաստանն ու Հնդկաստանը դնել նույն հարթության մեջ, քանի որ, եթե մեզ մոտ մի ընկերությունում աշխատում էր 10 մարդ, նրանց մոտ` 100, ապա հիմա աշխարհը փոխվել է, եթե չնայենք պատվերների կատարմանը, այլ լուծումների մշակմանը, հայկական կազմակերպությունը 5 հոգով էլի 100 միլիոնով է վաճառում որևէ լուծում, հնդկական կազմակերպությունն էլ 100 հոգով էլի 100 միլիոնով է վաճառում այն, այսինքն` լուծումը մնում է լուծում: Մենք գալիս ենք հավասար դաշտ, և կարող ենք քանակապես քիչ լինել, բայց իրար կողք դնելու բան ունենք:
Նրանց տեխնոպարկում հասկացա, որ մեր լուծումներով ու առաջարկություններով աշխարհում առաջիններից ենք: Այն մոտեցումները, որ օգտագործվում են Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում, աշխարհում, այդ թվում` Հնդկաստանում ամենակարևոր ուղղություններից են: Եվ հարցադրմանն ի պատասխան` արդյոք հնարավոր է ՏՏ-ի վրա երկիր կառուցել, հնդիկները պնդում են` այո: Այն ոչ միայն ոլորտ է, որը մարդկանց է զբաղեցնում, այլ ամբողջ տնտեսությունը վեր է հանում ու քեզ այլ դիրքում է դնում:
Կարևոր է, որ Կերալայի տեխնոպարկի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծենք, որի նպատակը կլինի պարբերաբար համատեղ ծրագրերի քննարկումը:
Համագործակցության հնարավոր ոլորտներ
Նրանց մոտ լուրջ խնդիր է կիբերանվտանգությունը, մոբայլ լուծումների և մեծ տվյալների վերլուծության դաշտերում է հնարավոր համագործակցություն ծավալել, նաև նրանց հետաքրքիր են ՏՏ լուծումները տնտեսության տարբեր ոլորտներում: Օրինակ, մենք կազմակերպություն ունենք, որը ծրագրային փաթեթներով է ապահովում Հնդկաստանի եղանակային տեսությունը կազմող ընկերությանը:
Կրթություն. ինչ ունենք սովորելու, ինչ գիտելիքով կարող ենք փոխանակվել
Շատ տարբեր դաշտեր են, իրենք մեծաքանակ բնակչություն ունեն, կարողանում են քանակի հաշվին լավ մանսագետներ ունենալ: Մենք այդպես չենք կարող շարժվել:Այսինքն` Հնդկաստանում դու դարձար մասնագետ, դարձար, եթե չէ` ինքն էլ քեզնով չի զբաղվում: Եթե 1 միլիարդից 10 միլիոնն էլ լավ, հաջող մասնագետ դառնա, իրենց դա բավարար է: Ընտրության հնարավորությունը, մրցակցությունը շատ մեծ է, դրանից ելնելով էլ` նրանք ունեն աշխարհում թոփ բուհեր, լավագույն դասախոսներ: Մենք նման ձևով չենք կարող շարժվել, քանի որ միջին զանգվածով էլ պետք է զբաղվենք: Մեզ լավերը չեն բավարարում, պետք է միջինների համար հատուկ ծրագրեր իրականացնենք:
Իրենց մոտ այս ուղղվածության շրջանավարտների 70 տոկոսը ոլորտ չի գնում: Բայց այն 30 տոկոսն այնքան շատ է, որ նրանց բավարար է: Մեզ մոտ 50 տոկոսն է գնում, բայց մեզ, միևնույն է, չի բավականացնում:
Հնդկաստանի դպրոցներից սովորելու բան ունենք. նրանց մոտ ծրագրավորումը պարտադիր առարկա է, և համակարգչային գրագիտության հարցը լուծում են դպրոցներում այդ առարկայի շնորհիվ: Բացի այդ` նրաց համալսարաններում չկա ՏՏ մասնագիտացում, այլ պատրաստում են ճարտարագետներ, մաթեմատիկա, ֆիզիկա, մեխանիկա են սովորեցնում, հետագայում բարձր կուրսերում ուսանողն է ընտրում է ծրագրավորումը, էլեկտրոնիկան և այլն: Մեզ մոտ մի փոքր այլ է, բայց չի նշանակում, որ մենք պետք է փոխվենք, այլ, օրինակ, Պոլիտեխնիկին կարելի է դիտարկել ոլորտի պետենցիալ սպասարկողի:
Մի լուրջ խնդիր կա Հնդկաստանում, որը մեզ մոտ էլ է առկա. բուհից հետո աշխատանքի անցելը շատ դժվար է: Նրանք իրենց տեխնոպարկում ստեղծել են ՏՏ ակադեմիա, որը փորձում էր սովորելուն զուգահեռ աշխատանքի անցնելու հմտություններ տալ:
Ստարտափային շարժում. Երևանում շատ ավելի առաջ ենք
Այն, ինչ անում էին աքսելերատորները Կերալայի տեխնոպարկում, ցույց է տալիս, որ Երևանում շատ առաջ ենք նանցից, սովորելու բան չեմ տեսել: Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններին էին շատ նման, փորձում են դրամաշնորհների միջոցով նորաստեղծ կազմակերպությունների հետ աշխատել, թիկունք լինել:
Իրենք շատ հետաքրքիր հարկային արտոնություններ ունեն, մենք էլ ունենք, բայց իրենց մոտ ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունի տեխնոպարկը, որը 5 տարով ազատված է ամբողջապես նաև եկամտահարկից: Մեզ մոտ ազատ տնտեսական գոտում եկամտահարկից չեն ազատում:
Նրանք մեծ խնդիր չունեն ստարտափերին այլ շուկաներ դուրս բերելու` ի տարբերություն մեզ: Ստարտափերն իրենց շուկայում էլ աշխատեն, իրենց համար դա բավարար է: Կարծում եմ` պետք է անընդհատ կապի մեջ լինել Հնդկաստանի հետ ու չվախենալ իրենցից: Ստարտափերի մասով արդեն հավասար դաշտերում ենք, պետք է ուղղակիորեն այդ գիգանտին օգտագործել, մուտք գործել այդ շուկա:
Պատրաստեց Անի Նազարյանը