Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Սեւանա լիճ բաց թողնվեց իշխանի 389 հազար 800 մանրաձուկ

Սեւանա լիճ բաց թողնվեց իշխանի 389 հազար 800 մանրաձուկ

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ձկնագետ գետի  գետաբերանին` Ծովագյուղի հանրային լողափի տարածքում, Սեւանա լիճ բաց թողնվեց գեղարքունի եւ ամառային իշխան տեսակների մանրաձուկ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի եւ պատասխանատու այլ կազմակերպությունների աշխատակիցներ:

Սեւանա լիճ բաց թողնվեց 389 000 մանրաձուկ` 171 000 գեղարքունի եւ 218 000 ամառային իշխան: «Ծրագրով նախատեսված էր Սեւանա լիճ բաց թողնել 166,6 հազար հատ գեղարքունի եւ 200 հազար հատ ամառային բախտակ, սակայն փոխարենը լիճ ենք թողել 171 հազար 800 հատ գեղարքունի եւ 218 հազար հատ ամառային բախտակ»,-նշեց «Սեւան» ազգային պարկի գլխավոր մասնագետ Նորիկ Բադալյանը:

Բնապահպանական պետական տեսչությանը նախարարի կողմից հանձնարարվեց մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում, իսկ «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվեց մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:

«Այս տարվա ընթացքում, ներառյալ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից բաց թողնված մանրաձկան խմբաքանակները, մենք Սեւանա լիճ ենք բաց թողել մոտ 600 հազար մանրաձուկ: Եթե կարողանանք ձվադրման շրջանում ձկնորսությունն արգելել հիմնավորապես, ապա մոտակա երկու տարիների ընթացքում արդեն Սեւանա լճում կունենանք ձկան արդյունագործական պաշարներ: Ես գտնում եմ, որ հարկավոր է լճում բոլոր տեսակի ձկների որսը արգելել երկու տարով, որից հետո արդեն կունենաք արդյունագործական ձկնորսության վերականգնված պաշարներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարար Արամայիս Գրիգորյանը:

Սեւանա լիճ բաց թողնված գեղարքունի տեսակի մանրաձկներից յուրաքանչյուրի միջին քաշը կազմել է 5, ամառային իշխանինը` 3 գրամ:

Սեւանի իշխանի պաշարների համալրման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ձկնապաշարների համալրման ծրագրի» շրջանակներում: Մանրաձուկը ձեռք է բերվալ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am