Հայաստանի, Ռուսաստանի և Մալթայի «Նոր անուններ» ծրագրի մասնակիցները համատեղ համերգ են ունեցել
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պատանիները Մալթայում մասնակցել են երաժշտական ծրագրի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 25-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Այս օրերին Մալթայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Մալթայի «Նոր անուններ» ծրագրի մասնակիցների համատեղ համերգը, որն անցավ Մալթայի նախագահի մասնակցությամբ: Մենք երեկ ստացանք շնորհակալական նամակներ այս ծրագրին աջակցելու համար»,-գոհունակությամբ ընդգծեց մշակույթի նախարարը:
«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» նախաձեռնությամբ Մալթայում իրականացվել է երաժշտական նախագիծ: Նոյեմբերի 9-15-ը տեղի ունեցած իրադարձությանը մասնակցել են Ռուսաստանի «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հիմնադրամի (պատվիրակության ղեկավար՝ Վիկտոր Մաևսկի), Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի (ղեկավար՝ Սիլվա Մեքինյան) և Մալթայի Հանրապետության նորաստեղծ համանուն կազմակերպության (ղեկավար՝ Ալան Կիրկոպ) անդամները:
Նախագծի շրջանակում երեք երկրների պատանի երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգներով, մասնակցել վարպետության դասերի և գիտագործնական քննարկումների:
Երաժշտական նախագիծն իրականացվել է Մալթայի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Համերգներն ու վարպետության դասերն անցկացվել են Վալետտայի և Գոզո կղզու լավագույն համերգասրահներում, ՌԴ դեսպանատանը, Ռուսական մշակույթի կենտրոնում:
Հայկական պատվիրակության կազմում հանդես են եկել Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամներ Աստղիկ Ղուկասյանը (դաշնամուր), Նարեկ Բալդրյանը (երգեցողություն), Գագիկ Հակոբյանը (դուդուկ), Մերի Մուսինյանը (քանոն):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում