Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԳՏԿ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գիտատեխնիկական ոլորտի համագործակցության զարգացմամբ

ՄԳՏԿ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գիտատեխնիկական ոլորտի համագործակցության 
զարգացմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դևիդ Կլիվի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ Հայաստանը գիտության և նորարարությունների զարգացման ոլորտում կարևորում է բոլոր հնարավորությունները: ՄԳՏԿ տնօրենն իր հերթին նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ գիտատեխնիկական ոլորտի համագործակցության զարգացմամբ:

Դևիդ Կլիվը նշել է, ՄԳՏԿ կազմից Ռուսաստանի դուրս գալուց հետո առաջացել էին որոշակի խնդիրներ, որոնք այժմ գտել են իրենց լուծումները. մասնավորապես, իրականացվել են կանոնադրական որոշակի փոփոխություններ, մշակվել են զարգացման նոր ռազմավարություն և առաջիկայում ակնկալվում է ՄԳՏԿ ծրագրերի ֆինանսավորման նոր փուլի սկիզբ: Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ՄԳՏԿ զարգացման ռազմավարության և ընդլայնման հարցերը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ՄԳՏԿ միջոցներով գիտական ծրագրերի իրականացմանը: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ 90-ական թվականների սկզբից մինչև 90-ականների վերջը, երբ Հայաստանն անդամակցել է ՄԳՏԿ-ին, գիտության ոլորտի առջև ծանրացած էր առավելապես համակարգը պահպանելու խնդիրը, այսօր, սակայն, ջանքերն ուղղվում են նաև զարգացման ուղղությամբ:

Ընդգծելով, որ Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից մեկը գիտության ոլորտի միջազգայնացումն է, ԿԳ նախարարը նշել է, որ 2016 թվականից Հայաստանը միանում է Եվրոպական միության Հորիզոն 2020 ծրագրին, որը ԵՄ գիտական ֆոնդերից օգտվելու լրացուցիչ հնարավորություն է. «Մեզ համար առաջնային խնդիր է գիտական մրցունակ ծրագրերի իրագործումը, ինչպես նաև երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը»,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ ցանկացած միաջզգային համագործակցության ձևաչափ, եթե այն վերջնարդյունքում կարող է նպաստել նաև գիտական նախագծի առևտրայնացմանը, ընդունելի է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համատեղ գիտական ծրագրերի բնագավառներին և ֆինանսավորման մեխանիզմներին, համագործակցության ձևաչափերին: ՄԳՏԿ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև ՀՀ ԿԳՆ գիտպետկոմում և գիտահետազոտական կենտրոններում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am