Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայկական տեխնոլոգիական ընկերությունը ցանկանում է հեղափոխություն անել կրթության մեջ

Հայկական տեխնոլոգիական ընկերությունը ցանկանում է հեղափոխություն անել 
կրթության մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրացվող և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների վրա հիմնված խաղերը հայկական Arloopa ընկերության գործունեության հիմնական ուղղությունն են: «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսին ընկերության տաղավարի մոտ այցելուների պակաս չէր զգացում, բոլորին գրավում էին հեռախոսի էկրանից կենդանացող դինոզավրն ու ստվարաթղթե ակնոցով այլ իրականություն տեղափոխվելու փորձերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության անդամ Սերգեյ Հովակիմյանը մանրամասնեց իրենց աշխատանքի բնույթն ու խոսեց առաջիկա պլաններից: «Մենք պատրաստում ենք լրացվող իրականության և վիրտուալ իրականության խաղեր ու հավելվածներ: iOS և Android հարթակներում հասանելի հավելվածը լրացվող իրականության ծրագիր է, որը գործում է հետևյալ կերպ. նախ պետք է ներբեռնել հավելվածը, բացել այն ու հեռախոսը պահել մեր ծրագիրը ճանաչող մարկերի վրա, ինչից հետո եռաչափ պատկեր կամ տեսանյութ է երևում: Ինչ վերաբերում է վիրտուալ իրականության խաղերին, ապա մենք արդեն պատրաստել ենք 10 խաղ, որոնք ստվարաթղթե ակնոցների (cardboard) միջոցով հնարավոր է խաղալ»,-տեղեկացրեց Սերգեյ Հովակիմյանը:

Նրա խոսքով` ստվարաթղթե ակնոցների տեխնոլոգիան Գուգլն է մշակել, իրենք վերցրել են այն, զարգացրել, օպտիկան ձևափոխել, իսկ «Անտարես» ընկերությունն արտադրում է այդ cardboard-ներն` իրենց հաշվարկներով: «Այս երկու ուղղություններն ենք զարգացնում, մենք հիմա պատվերներ չենք կատարում, այլ աշխատում ենք սեփական արտադրանքի վրա` լրիվ մեր հորինած սցենարներով` սկսած 3D մոդելավորումից մինչև ծրագրավորում: Հիմա սպասում ենք, որ cardboard-ներն ավելի զարգանան Հայաստանում, մարդիկ սկսեն դրանցից օգտվել»,-ավելացրեց Սերգեյ Հովակիմյանը:

Այս պահին վիրտուալ իրականության 10 խաղերի օգտատերերի քանակը միջինում 5000-ից ավելի է: Նրանք միայն Հայաստանից չեն, մեծ հետաքրքրություն կա ԱՄՆ-ից, Գերմանիայից:

Ինչ վերաբերում է առաջիկա պլաններին, ապա թիմը ցանկանում է նշյալ տեխնոլոգիաների կիրառմամբ հեղափոխություն մտցնել կրթության ոլորտում: «Լրացվող իրականության տեխնոլոգիան փորձում ենք գրքերի վրա կիրառել: Պատկերացրեք աշխարհագրության գիրք է, հեռախոսը պահում ես պատկերի վրա, այն եռաչափ ցույց է տալիս սարը, թե ինչպես է հրաբուխը ժայթքում, դու տեսնում ես ողջ գործընթացը: Ծրագիրը դեռևս խոսակցությունների մակարդակում է, բայց եթե ստացվի, կարելի է կրթությունը հեղափոխել այս տեխնոլոգիաներով»,-փաստեց Սերգեյ Հովակիմյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am