Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանի հայտարարությունը ՄԱԿ-ում շատ կարևոր ու ճիշտ էր. Արա Պապյան

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանի հայտարարությունը ՄԱԿ-ում շատ կարևոր ու ճիշտ էր. Արա Պապյան

ԵՐԵՎԱՆ ,1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում քաղաքագետ Արա Պապյանը գնահատում է շատ կարևոր ու ճիշտ: «Նախագահի ելույթում նկարագրվեց սահմանային իրավիճակը, և շեշտվեց այն հանգամանքը, որ ամեն ինչ գնում է դեպի լարվածություն: Կարծում եմ, որ նախագահի հիմնական միտքն այն է, որ եթե Ադրբեջանը շարունակի նման քաղաքականությունը, ապա Հայաստանն իրավական և ռազմաքաղաքական համապատասխան քայլեր կանի ապահովելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Պապյանի խոսքով` կարևոր էր և պետք էր նման միտք հնչեցնելը, քանի որ դա հնարավորություն կտա Հայաստանին ավելի հանգիստ ու վստահ ընդլայնել ադրբեջանական սադրանքներին ի պատասխան ռազմական գործողությունները:

Իրավական գործողությունների առումով, նրա դիտարկմամբ, Հայաստանը կարող է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս է: Իրավական առումով շատ հստակ է նաև, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս չի եղել, քանի որ չկա որևէ իրավական փաստաթուղթ, որը ցույց կտա, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ եղել է անկախ Ադրբեջանի կազմում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ի թիվս այլ թեմաների` Նախագահն անդրադարձել է սահմանային լարվածությանն ու Ադրբեջանի գործողություններին: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնա, քան իրականացնել անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլեր՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում