Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բարերար ամուսիններն ի կատար ածեցին երջանկահիշատակ Գարեգին Ա-ի վերջին ցանկությունը

Բարերար ամուսիններն ի կատար ածեցին երջանկահիշատակ Գարեգին Ա-ի վերջին 
ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գիտակրթական և հոգևոր-դաստիարակչական հաստատությունները համալրվեցին ևս մեկով. բացվեց «Գարգին Ա» կրթական կենտրոնը: Կենտրոնի գաղափարը լուսահոգի կաթողիկոսի վերջին պատգամն էր, որն ի կատար են ածել Անգլիայում բնակվող բարերարներ Հայկ և Էլզա Տիտիզյանները: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևոր դասը, Սփյուռքի և Մշակույթի նախարարները, այլ հրավիրյալ անձինք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում բարերար Հայկ Տիտիզյանը, ով նաև 2015 թվականի «Մյուռոնի քավոր» էր կարգվել, նշեց, որ իր տիկնոջ հետ կատարել են երջանկահիշատ Գարեգին Առաջինի ցանկությունը: «Սա սկսվել է, երբ Վեհափառ Հայրապետը, դժբախտաբար, հիվանդ էր, երբ իրեն հարցրեցի, թե իր փափագն ինչ է` նա ասաց. «Գարեգին Ա գիտակրթական կենտրոնը»: Երբ իրեն ասեցի, որ իր փափագը պիտի կատարեմ, ձեռքս բռնեք, օրհնեց»,-ասաց Հայկ Տիտիզյանը` շեշտելով, որ աշխատանքը կատարվել է արդեն ներկայիս կաթողիկոսի` Գարեգին Բ Հայրապետի մեծ ջանքերի շնորհիվ:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտնեց, որ կենտրոնը նախատեսված է Հայ եկեղեցու հոգևոր սպասավորների, քրիստոնեական դաստիարակության ուսուցիչների, սփյուռքի հայ դպրոցներում կրթություն մատուցող մանկավարժների վերապատրաստման համար: «Այստեղ նաև պետք է կազմակերպվեն հայագիտական ու աստվածաբանական գիտաժողովներ, որը և Լուսահոգի Գարեգին Առաջին Հայրապետի վերջին ցանկությունն էր: Մենք ուրախ ենք, որ նրա իղձը ի կատար ածվեց, կառուցվեց կենտրոնը, որը կարևոր առաքելություն պետք է իրականացնի»,-նշեց Վեհափառ Հայրապետը: Նրա խոսքով` հայ ժողովուրդը գիտության, կրթության ու մշակույթի ջատագով է, այն իր ոսկեդարը կերտել է անգամ այն ժամանակ, երբ պետականություն չի ունեցել: «Մենք հասկացել ենք մեր գոյության և հարատևության խորհուրդը, որ դա հայ հոգևոր զորեղ կյանքն է, մեր մշակույթը, մեր հավատքը, որի շնորհիվ պետք է կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին»,-շեշտեց Գարեգին Բ-ն: Նա տեղեկացրեց, որ կենտրոնն ամբողջովին պատրաստ կլինի մյուս տարվա մարտ-ապրիլին, եթե շինարարները նույն ջանասիրությամբ աշխատեն:

2009 թվականի սեպտեմբերի 19-ին երջանկահիշատակ գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի վախճանման 10-րդ տարելիցի ոգեկոչման օրը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայ Առաքելական եկեղեցու բարերար զավակներ Տեր և Տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների և խուռներամ բազմության ներկայությամբ Էջմիածնի մայր Տաճարի հարավային կողմում կատարվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնի հողօրհնեքի արարողությունը: Կենտրոնի համալիրի նախագծի մեջ է ընդգրկվել Մայր Աթոռի պատմական կառույցներից հիվանդանոցի շենքը, որ կառուցվել է Խրիմյան Հայրիկ Ամենայն Հայոց Հայրապետի օրոք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am