Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանի անկախ Հանրապետությունը նշում է 24-րդ տարեդարձը

Հայաստանի անկախ Հանրապետությունը նշում է 24-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 24-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը 24 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Հայաստանի ազգային տոնացույցի կարեւորագույն այս տոնի «հիմնադրմանը» նախորդել էր 1990 թվականի օգոստոսի 23-ը. օր, երբ սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին: Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանի ժամանակ ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Դրանով հանրապետության խորհրդարանն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Հռչակագրի ընդունմամբ հայ ժողովրդի կյանքում նոր ժամանակաշրջանի սկիզբ դրվեց և Հայաստանի պատմության մեջ սկսվեց երրորդ հանրապետության կառուցումը։ Արդյունքում` Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: ՀՀ տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը ՀՀ քաղաքացիության իրավունք ունի:

Նորանկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2005 թ. նոյեմբերի 27-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույնն է, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության /1918-1920 թ.թ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը եւս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությունը հեղինակել է Բարսեղ Կանաչյանը:

Սեպտեմբերի 21-ն ազգային հպարտության օր է. անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը 24 տարի է՝ այլևս իրականություն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am