ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը կարծիք է հայտնել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների և նրա շուրջ ընթացող քաղաքական քննարկումների վերաբերյալ:
«Հայաստանի սահմանադրությունը փոխել-չփոխելու կամ ինչը փոխելու հարցում որոշումը Հայաստանի ժողովրդինն է: Մենք խրախուսում ենք ակտիվ քննարկումներն այնպիսի հիմնարար փաստաթղթի շուրջ, ինչպիսին սահմանադրությունն է, որով ամրագրվում են երկրի կառավարման մոդելը, անհատների իրավունքներն ու պետության պարտավորությունները»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` այս մասին հայտնեց նա:
Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով,և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին:
Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ է սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Սերժ Սարգսյանը արդեն հանդիպել է մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների և Հանրային խորհրդի անդամների հետ: