Քաղաքականություն

Հայկական կողմը սադրանքներն անպատասխան չի թողնում. Արծրուն Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

  Հայկական կողմը սադրանքներն անպատասխան չի թողնում. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին արհեստածին լարվածության հեղինակը Ադրբեջանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով դիմում է սադրանքների, արկածախնդրության:

«Մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կեղծ հաղորդագրություն տարածեց միջազգային մարդասիրական թեմայով այն նույն ժամանակ, երբ իրենց զինվորականները սահմանին, մարտական դիրքերում սադրում էին իրավիճակը: Նրանց զինվորականները վրանների մեջ չակերտավոր հարսանիք էին արել եւ դա օգտագործեցին, որ մեր բնակավայրերի վրա կրակեն: Հայկական զինված ուժերը չէին կարող անպատասխան թողել հակառակորդի սադրանքները, որի հետեւանքները տեսնում ենք նրանց մամուլում առկա գնահատակններում: Ադրբեջանական սահմանամերձ շատ գյուղերում խուճապ է ստեղծվել, ծանր վիճակ է, եւ շատ մարդիկ արգելապատնեշներ են կառուցում, որ խուճապի դեմն առնեն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ հայկական կողմը, միշտ պատասխանելով սադրանքներին, կողմնակից է, որ իրավիճակը լիցքաթափվի: Անդրադառնալով սեպտեմբերի 3-ի գիշերը հակառակորդի կողմից վիրավորում ստացած երեք քաղաքացիական անձանց եւ մեկ պայմանագրային զինծառայողի առողջական վիճակին, Հովհաննիսյանն ասաց, որ վերքը թեթեւ է եղել, նրանք գտնվում են բուժհաստատություններում եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Երեկ երեկոյան ավելի քիչ են եղել կրակոցները, քան նախորդ օրերին: Ամեն դեպքում եւս մեկ ուզում եմ շեշտել, որ հայկական զինված ուժերը անպատասխան չեն թողնելու որեւէ սադրանք, սակայն միեւնույն ժամանակ մենք լարվածության թուլացման կողմնակից ենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում