«Եվրոպական ազատ ալյանս» կուսակցությունը աշխատանքներ կտանի ԼՂՀ-ն բանակցային գործընթացում ընդգրկելու ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը պետք է սատարի Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության հաստատմանը, և ժողովրդավարությունը Ղարաբաղի ժողովրդի դեպքում հավասարազոր է անկախության իրավունքի իրացմանը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ Եվրոպական Միությանը նման կոչով դիմեց «Եվրոպական ազատ ալյանս» կուսակցության նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին: Նա նշեց, որ իրենց կուսակցությունը որոշել է պաշտպանել նաև ԵՄ անդամ չհանդիսացող, սակայն եվրոպական համարվող այնպիսի երկրների ինքնորոշման իրավունքի իրացմանը, որպիսին է նաև Լեռնային Ղարաբաղը:
Այդ նպատակով «Եվրոպական ազատ ալյանս» կուսակցությունը հռչակագիր է ստորագրել Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ, որով հաստատվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամակցությունն ալյանսին՝ որպես ասոցացված անդամ: «Մեզ համար Լեռնային Ղարաբաղի բնակիչների պայքարը հանուն անկախության, ազատության և ժողովրդավարության համար մղված պայքար է, որի համար էլ «Եվրոպական ազատ ալյանս» կուսակցությունը իր լիակատար աջակցությունը կցուցաբերի Ղարաբաղի ժողովրդին»,- հայտնեց կուսակցության նախագահը:
Ալֆոնսին հուսով է, որ իր ղեկավարած կուսակցությունը կկարողանա նպաստել ԼՂՀ և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Մեզ համար ժողովուրդների ինքնորոշման և ազատություն վայելելու իրավունքները ժողովրդավարության կարևոր հարթակ են»,- հավելեց նա:
Եվրոպացի քաղաքական գործիչն Ադրբեջանը համարեց «բռնապետություն»՝ Բաքվի կառավարությանը կոչ անելով հարգել ժողովրդավարությունը և Արցախի ժողովրդի անկախությունը:
ԵԽ պատգամավոր Ջորդի Սեբաստիան, ով Եվրոպական Խորհրդարանում ներկայացնելու է Լեռնային Ղարաբաղի ձայնը, ընդգծեց, որ կուսակցությունն աշխատանքներ է տանելու, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջնականապես Լեռնային Ղարաբաղի իշանություններին ընդգրկի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում` որպես առանցքային անդամ: Պատգամավորը հիշեցրեց, ԵԽ-ն խստորեն դատապարտել է Հայոց ցեղասպանության ժխտողականությունը: «Նախորդ տարի ուղղաթիռի կործանման հետ կապված` մենք անմիջապես դիմել ենք ԵՄ՝ պաշտոնական արձագանք ստանալու համար: Մեր աշխատանքներն ուղղված կլինեն նաև այն բանին, որ Եվրոպական Միությունը պաշտոնական առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ»,- ընդգծեց Ջորդի Սեբաստիան:
«Եվրոպական ազատ ալյանս» կուսակցությունը Եվրոպայում գործող 13 քաղաքական կուսակցություններից է, որ ճանաչվել է Եվրոպական Խորհրդարանի կողմից: Այն ներկայացված է եվրոպական 17 և Եվրոպական Միության 28 երկրներում: Կուսակցությանն նպատակն է ժողովուրդների իրավունքների և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում