Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն «Գաբալա»-«Բորուսիա» խաղին Մխիթարյանի մասնակցության առնչությամբ հայտարարություն է տարածել

Ադրբեջանի ԱԳՆ-ն «Գաբալա»-«Բորուսիա» խաղին Մխիթարյանի մասնակցության 
առնչությամբ հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնելու եւ մուտքի անցագիր ստանալու առնչությամբ պարզաբանումներ է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Haqqin.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել է, որ սպորտը չպետք է խառնել քաղաքականության հետ:

«Մասնակցելով նմանատիպ խաղերի, պետությունները հանդես են գալիս ՈւԵՖԱ-ի կանոններով եւ դրանց հիման վրա են խաղեր անցկացնում իրենց երկրների տարածքում: ֆուտբոլի բնութագրիչներից մեկն էլ այն է, որ խաղը թիմային է եւ այն ընկալվում է ոչ թե անհատական այլ թիմային բնույթի:  ««Դորտմունդի Բորուսիա» ֆուտբոլային ակումբի այցն Ադրբեջան ընկալվում է ոչ թե անհատական, այլ թիմի այցելության տեսանկյունից, եւ, չնայած սպորտի եւ քաղաքականության միջեւ եղած ընդհանուր եզրերին, Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Ինչ վերաբերում է անցանկալի անձանց ցանկին, այստեղ յուրաքանչյուր դեպք քննարկվում է անհատական սկզբունքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադարձել էր վերջին օրերին գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին:

«Ադրբեջանական կողմի այս զավեշտալի մոտեցումը նորություն չէ, քանի որ հայկական ազգանունով որևէ մեկի համար Ադրբեջան մուտքը արգելված է, ինչն ամբողջովին տեղավորվում է հայատյացության քարոզչության այդ երկրի կողմից տարվող քաղաքականության ուղեգծի մեջ։ Հստակ է նաև, որ Արցախ այցելությունը որևիցե կապ չունի։

Իրավիճակն այնքան զավեշտալի է դարձել, որ անցյալ տարի Բաքվի օդանավակայանում արգելել էին Ադրբեջան մուտք գործել ազգությամբ թուրք Թուրքիայի քաղաքացու, ում ազգանունը ավարտվում էր «յան»-ով»,- շեշտել էր Տիգրան Բալայանը:

Օգոստոսի 28-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը կչափի ադրբեջանական «Գաբալա»-ի հետ: Վիճակահանությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կարող է Ադրբեջանի կողմից վիզա չստանալ: Լուրեր եղան այն մասին, որ Բաքվում Ադրբեջանի իշխանությունները կարող են ձերբակալել Մխիթարյանին` իբր այդ երկրի տարածքն «ապօրինի» հատելու մեղադրանքով:

Դորտմունդի «Բորուսիա»-ն հույս էր հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի շրջանակում «Գաբալա»-ի հետ հանդիպմանը մասնակցելու համար Ադրբեջան այցի ժամանակ: Ինչպես փոխանցել էր «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sport1-ն, այդ մասին նշել էր դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգգեն: «Ներկա դրությամբ Հենրիխը շատ կարևոր խաղացող է մեզ համար և վերջին շաբաթներին ցույց է տալիս հիանալի խաղ, ուստի, հույս ունենք, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա ԵԼ-ի խաղին մասնակցելիս»,- ասել էր Ֆլիգգեն:

Միաժամանակ, Azerisport-ը գրել էր, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել Ադրբեջանում, եթե գա Բաքու` մասնակցելու «Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի մրցավեճին: «Դրա պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղ Մխիթարյանի այցելությունը»,- գրել էր ադրբեջանական կայքը:

Ադրբեջանի սև ցուցակում են հայտնվել աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, ովքեր այցելել են Արցախ:

ԵԼ խմբային փուլի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am