«Նոր ալիք»-ի հայ պատվիրակ Գրիգոր Կյոկչյանը պատասխանատվությամբ է պատրաստվում ելույթներին
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող երգիչ Գրիգոր Կյոկչյանը դրական է տրամադրված հեղինակավոր մրցույթին: Փաստում է` իր մասնակցությունն իրադարձությանը պատահական է եղել. եթե չլիներ «Մանկական Նոր ալիք»-ի այս տարվա ներկայացուցիչ Մերի Քոչարյանը, նա հավանաբար չէր մեկնի Մոսկվա (Կյոկչյանը մեկնել էր որպես Մերիի պրոդյուսեր)` մասնակցելու կիսաեզրափակչին: «Արմենպրես»-ը զրուցել է Գրիգոր Կյոկչյանի հետ «Նոր ալիք»-ի և այլ հարցերի շուրջ:
Երբ ասացին, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը, զարմացա…
Կիսաեզրափակչին Հայաստանը ներկայացնելու համար հրավիրված էին ռուսական «Ձայնը» նախագծի հայազգի մասնակիցները, շատ լավ երգիչներ էին: Վստահ էի, որ նրանցից կընտրեն, անգամ ուշացել էի իմ ելույթից, բայց արտահերթ հնարավորություն տվեցին, որ ներկայանամ: Երբ ասացին, որ ես պետք է ներկայացնեմ Հայաստանը, զարմացա, որովհետև Մերիի հետ որպես երաժշտական պրոդյուսեր էի մեկնել: Իմ թիմը՝ Մարտին Միրզոյանը, ոճաբան Արմեն Գալյանը և իմ ընկերներն ինձ օգնում են և աջակցում: Մրցույթին մնացել են հաշված օրեր, այն կանցկացվի հոկտեմբերի 1-11-ն ընկած ժամանակահատվածում:

Պատրաստություններ` մրցույթին ընդառաջ
Մրցույթին լավ ենք պատրաստվում երաժշտական և ստեղծագործական իմաստով: Այն տեղափոխվել է Սոչի, ավելի մասշտաբային է լինելու: Ռուսները պետք է ապացուցեն, որ ավելի լավ կարող են կազմակերպել մրցույթը, քան դա Լատվիայում էին անում: Լավ պատրաստվելու դեպքում լավ հորիզոնական կունենանք:
Երգերն արդեն ընտրված են…
Կներկայացնեմ Bonny M-ի «Sunnny» երգն այլ տարբերակով: Լսողը գուցե չենթադրի, որ հենց այդ երգն է, եթե չվերհիշի խոսքերը: Մարտին Միրզոյանը շատ հետաքրքիր գործիքավորում է կատարել: Բացի այդ, աֆրիկյան մոտիվներով «Աֆրո» կոչվող ստեղծագործություն ենք պատրաստել, տեքստի հեղինակը ես եմ, երաժշտությանը՝ Մարտին Միրզոյանը: Սա իսկապես ժամանակակից և շատ հետաքրքիր աշխատանք է: Անկախ մրցույթից` շատ ուրախ եմ, որ այն կատարելու հնարավորություն ունեմ, վստահ եմ, որ շատ հաջողություններ կբերի: Երրորդ երգը պետք է կատարեմ նախորդ տարիների մասնակիցներից մեկի հետ. սա դեռևս հստակ չէ:
…Համաշխարհային մասշտաբի արտիստներ են հանդես գալու մրցույթին, ուրախալի և պարտավորեցնող է, հպարտ եմ և ոգևորված:

Մեկ այլ` «The Global Sound» մրցույթին մասնակցելու մասին
Մասնակցությունը շատ պատահական ստացվեց: Իմ էլեկտրոնային փոստին նամակ ստացա, որտեղ նշված էր, որ իմ երգն («Գնում ենք պարելու» ստեղծագործությունը) ընտրվել է ավստրալական ժյուրիի կողմից, հավանության է արժանացել և իմ համաձայնությունն էին ցանկանում, արդյոք դեմ չեմ մասնակցել մրցույթին: Աշխարհի 70 երկրներից ընտրվում են տարվա ամենահետաքրքիր աշխատանքները, համացանցային և ժյուրիի քվեարկության ընթացքում լավագույն տասնյակն է ձևավորվում, մեկ երկիր հաղթում է: Այս տարի մրցույթի տասնամյակն է և հաղթողին հրավիրում են Ավստրալիա: Փառատոնի նախորդ տարիներին հաղթել են Բրունո Մարսը, Sia-ն շատ այլ հայտնի կատարողներ: Շատ հետաքրքիր էր այս մասնակցությունը , այս տարի էլ շատ հայտնի կատարողներ կան՝ Օլլի Մարսը, Ինդիլան, Վիա Գրան: Հայաստանից էլ ինձ են ընտրել: Քվեարկության կարգը շատ հետաքրիքր է, բացառված է կոռուպցիան, դու չես կարող քվեարկել մեկ հոգու համար, պարտավոր ես քվեարկել 6 երգի համար: Շատերը լսում են քո կատարումը: Իմ շանսերը մեծ չեն, հասկանում եմ, բայց ուրախ եմ, որ նման մրցույթի մասնակցում եմ: Արդյունքները հայտնի կդառնան օգոստոսի վերջին:
Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:
«Նոր ալիք»-ի ամբողջ ընթացքին կհետևի Ռոզա Գրիգորյանը