Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԹՈՒՄՈ-ն տարածքային ընդլայմանը զուգահեռ ձգտում է ծրագրեր մշակել նաև համալսարանականների համար

ԹՈՒՄՈ-ն տարածքային ընդլայմանը զուգահեռ ձգտում է ծրագրեր մշակել նաև 
համալսարանականների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս տարի առաջ ճիշտ այս օրերին աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանքյանի համերգով ազդարարվեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը: Բայց մինչ այդ էլ կենտրոնն իր տեխնիկապես հագեցած ու գեղեցիկ շենքային պայմաններով, ուսումնական ծրագրի վերաբերյալ հայտարարություններով հասցրել էր շարժել հայաստանաբնակների, հատկապես դեռահասների և նրանց ընտանիքների հետաքրքրասիրությունը: Նրանք շտապում էին Թումանյանի այգու տարածքում գտնվող ԹՈՒՄՈ կենտրոն հայտեր լրացնելու և կրթական ծրագրի մասնակիցը դառնալու նպատակով: Հուլիսի 31-ին ԹՈՒՄՈ-ն նշեց իր գործունեության չորս ամյակը, որի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի հետ: 

-Որո՞նք եք համարում ԹՈՒՄՈ-ի 4-ամյա գործունեության ամենակարևոր ձեռքբերումները: 

-Ամենակարևոր ձեռքբերումներից ենք համարում ստարտափ՝ սկսնակ ընկերությունները, որոնք ծնվում են ԹՈՒՄՈ-ի ուսանողների` իրար հետ համագործակցելու, իրար հետ սովորելու, մասնագիտանալու արդյունքում:

Հիմա ԹՈՒՄՈ-ին կից ունենք երկու ստարտափ, որոնք ամբողջությամբ կազմված են ԹՈՒՄՈ-ի ուսանողներից: Նրանք հանդիպել են մեր կենտրոնում, սովորել միասին, հետո արդեն անցել են մասնագիտական դաշտ: Մենք նրանց ամեն դեպքում աջակցում ենք, տրամադրում ենք անվճար գրասենյակային տարածք, փորձում ենք նրանց համար գտնել պատվերներ:

Ձեռքբերումներից է հյուրերի կողմից վարվող դասընթացների շատ արագ աճող թիվը, այսինքն, դրանք այն մարդիկ են, ովքեր կամավոր ցանկություն են հայտնում կամ պատասխանում են ԹՈՒՄՈ-ում դասախոսությամբ հանդես գալու մեր հրավերին: Մենք ինքներս էլ ստանում ենք առաջարկներ աշխարհի տարբեր երկրների ոլորտի մասնագետներից, ովքեր կամավոր գալիս ու դասընթացներ են անցկացում,  կիսվում են իրենց փորձով մեր ուսանողների հետ:

Մյուս ամենամեծ ձեռքբերումը մեր ուսանողներն են, ովքեր չնայած իրենց երիտասարդ տարիքին, կարևոր տեղ են զբաղեցնում ոլորտում: Մենք շուկային տալիս ենք լավագույն կադրեր, նրանցից շատերն աշխատանք են գտնում ոլորտի լավագույն կազմակերպություններում: 

-Ո՞րն է ԹՈՒՄՈ-ի հաջողության ու գրավչության գաղտնիքը: 

-Շատ կարևոր է, որ մենք ստեղծում ենք յուրահատուկ մթնոլորտ, ուր երիտասարդներին տալիս ենք գիտելիք և ազատություն այդ գիտելիքն ընկալելու, ինչպես նաև հնարավորություն այդ գիտելիքն իրականություն դարձնելու համար: Մենք նրանց տալիս ենք ոչ միայն տեսություն, այլ կարողություն այն գործնականի վերածելու համար: Ուսունողներն իրենք են ընտրում ուղղությունները, որոնք ցանկանում են ուսումնասիրել, բայց այդ ընտրությունը չի ենթադրում սահմանափակում: Այն, որ ուսանողը եկել է ու ցանկանում է սովորել անիմացիա, դա չի նշանակում, որ նա զրկվում է իրավունքից ու հնարավորությունից նաև վեբ-դիզայն, խաղերի ծրագրավորում սովորել կամ էլ փոխել իր ուղղությունը: Նաև տալիս ենք հնարավորություն տարբեր նախագծերում ընդգրկվելու համար: 

-Շատերը կփաստեն, որ ԹՈՒՄՈ-ն ստեղծագործաբար մտածող և գործող աղջնակների ու պատանիների բացահայտեց, միևնույն ժամանակ ստեղծեց նախապայմաններ այդ ունակությունների զարգացման համար: Որո՞նք են լինելու հաջորդ նշանակետերը: 

-Շատ լայն են մեր նպատակակետերը, բայց ամենակարևորը` ԹՈՒՄՈ-ի ազդեցության ընդլայնումն է: Արդեն ունենք կենտրոն Դիլիջանում, բացել ենք Գյումրիում և սեպտեմբերին պլանավորում ենք ԹՈՒՄՈ կենտրոն բացել Ստեփանակերտում: Գյումրիի ու Ստեփանակերտի կենտրոնների բացումն իրականացնում ենք Հայ բարեգործական ընդհանուր միության հետ համագործությամբ, և շատ կարևոր է, որ փորձում ենք այդ ընդլայնումն իրականցնել տարիքային առումով: Այսինքն` փորձում ենք մտածել ծրագրեր, որոնցում կարող ենք ներգրավել նաև ԹՈՒՄՈ-ի ստանդարտ տարիքից` 12-18 տարեկանից բարձրերին: Ցանկանում ենք համագործակցել դպրոցների և համալսարանների հետ և ծրագրեր մշակել դպրոցականների և 20 տարեկանից բարձր ուսանողների համար: Քանի որ ԹՈՒՄՈ-ում դասերը սկսվում են 15:30-ից, մինչ այդ կենտրոնն ազատ է և կարող է, օրինակ, դպրոցականների համար տարբեր դասընթացներ իրականացնել:

Կարծում եմ` 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում դա արդեն իրագործելի կլինի: Քանի որ մենք նպատակասլաց ու արագ ենք գործում, հուսով եմ՝ այս դեպքում էլ կկարողանանք մեր ռիթմը պահել: 

-Մեծ է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ գրանցելու հարցում ԹՈՒՄՈ-ի ունեցած դերակատարությունը, Ձեր թիմը հատկապես ի՞նչն է համարում կարևոր նախապայման ՏՏ ոլորտի զարգացման համար:

-Մի բան շատ կարևոր ենք համարում, ինչը նաև մեր նպատակն է, որ ստեղծենք մրցունակ և թիմային աշխատելու կարողությամբ աշխատակիցներ ՏՏ ոլորտում: Այսինքն, ոչ միայն պատրաստել այնպիսի կադրեր, որոնք շատ խելացի են, պատրաստված ու կարող են լուծել ցանկացած խնդիր, գիտեն աճելու գաղտնիքը, կարող են ինքնուսուցմամբ զբաղվել, այլև այդ երիտասարդները լինեն մրցունակ ոչ միայն անհատական մակարդակում, այլ նաև թիմի մասնիկ դառնան: 

-Մինչ այս պահը քանի՞ դեռահաս է դարձել ԹՈՒՄՈ-ի սան կամ որևէ ծրագրի մասնակից: 

-ԹՈՒՄՈ-ի չորս տարիների ընթացքում ունենք 10 հազարից ավելի երիտասարդ, ովքեր ունեն ԹՈՒՄՈ-ի փորձառություն, նրանցից 6 հազարից ավելին ակտիվ ուսանողներն են, ովքեր այցելում են կենտրոն: 

-Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր նորություններ կան, որոնց մասին կցանկանաք բարձրաձայնել: ԹՈՒՄՈ-ի շնորհիվ ո՞ր հայտնի անհատներին մոտ ապագայում կարող ենք տեսնել Հայաստանում: 

-Հետաքրքիր ծրագրեր միշտ լինում են, այս պահին չեմ ցանկանում բացել գաղտնիքները: Բայց շատ կարևոր է, որ ձեր ընթերցողներն էլ մեզանից սպասեն նորությունների, քանի որ դրանք միշտ կան:

Հետաքրքիր մարդիկ կան, ԹՈՒՄՈ-ն այս ուսումնական տարում էլ կփորձի ունենալ մասնագետներ, ովքեր թարմություն կբերեն մեր ծրագրերին: Միանշանակ չենք պատրաստվում իջեցնել մեր նշաձողը, պահել ենք այն չորս տարիներին ու կպահենք և կզարգացնենք այն: 

ԹՈՒՄՈ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2011 թվականին «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից է: ԹՈՒՄՈ-ի ծրագրերին մասնակցելն անվճար է և բաց բոլոր տեղացի պատանիների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am