Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ազնավուրը Լիբանանում ներկայացրել է իր ամենագեղեցիկ երգերը. արաբական մամուլը ողողված է նյութերով

Ազնավուրը Լիբանանում ներկայացրել է իր ամենագեղեցիկ երգերը. արաբական մամուլը 
ողողված է նյութերով

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Բաթրունի միջազգային փառատոնին ներկայացրել է իր ամենագեղեցիկ երգերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի տեղեկատվության նախարարության ազգային լրատվական գործակալության կայքը, լեգենդար երգիչն օգոստոսի 1-ին ելույթ է ունեցել Բեյրութում: Ընդ որում` Ազնավուրը Բեյրութ էր ժամանել հատուկ Բաթրունի միջազգային փառատոնին (Festival international de Bathroun) մասնակցելու համար:

Մշակութային այդ իրադարձությանը մասնակցել է Լիբանանի արտգործնախարար Գեբրան Բասիլը, ինչպես նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ: Կայքը գրում է, որ հայկական արմատներով երգիչը երգել է ու պարել` ցույց տալով իր ուրախությունը: Նա ելույթ է ունեցել առավել քան երկու ժամ` ներկայացնելով իր անմահ երգերը, ինչպես նաև նոր ալբոմի ստեղծագործությունները:

«Ազդակ» օրաթերթն էլ երգչի համերգի մասին «Ազնավուրը հմայեց» վերնագրով հոդված է տպագրել` նշելով, որ բեմի վրա եռանդուն, խանդավառ, սրամիտ և իսկական արվեստագետի բոլոր տվյալներով տասնյակ տարիներ սերունդներ հմայած ու տակավին հմայող 91-ամյա Շառլ Ազնավուրի ներկայությունն իսկական հմայք էր:

«Հազիվ բեմի վրա հայտնվելով` Ազնավուրն արդեն իսկ իր հմայքն ու գրավչությունը տարածեց ներկաների վրա` ուրախություն հայտնելով Լիբանանում գտնվելու և իր լիբանանցի երկրպագուների դիմաց ևս անգամ ելույթ ունենալու համար»,-նշել է օրաթերթը` հավելելով, որ երգիչն իր ինը տասնյակ տարիների փորձառությունից քաղած դասերն արվեստի միջոցով փոխանցեց ներկաներին:

«Ես միշտ հաճույքով եմ վերադառնում Լիբանան: Սիրում եմ ճամփորդել և հանդիպել մարդկանց, որոնց գիտեմ»,-lorientlejour.com-ին համերգից առաջ տված հարցազրույցում նշել էր Շառլ Ազնավուրը:

Լեգենդար երգիչը նաև ընդգծել է, որ թուրքական կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա նշել է, որ իր մայրը սովորեցրել է նրան սիրել թուրքերին:

Հարցին` Ազնավուրն ավելի շատ հա՞յ է, թե՞ ֆրանսիացի, երգիչը պատասխանել է, որ երկու բաղադրիչները չեն կարող կիսվել: «Հայերենն իմ ընտանիքի լեզուն է, ոչ իմը: Իմ մայրենի լեզուն ֆրանսերենն է, հայրենիքը` Ֆրանսիան: Հայաստանն իմ նախնիների երկիրն է»,-նշել է Ազնավուրը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am