Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ամառային տապին ու արձակուրդային շրջանին, անցնող շաբաթը հարուստ էր տարաբնույթ հետաքրքիր իրադարձություններով, որոնք արձանագրվեցին ինչպես ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ ողջ աշխարհում: «Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ վանդալները պղծել են երեք ամիս առաջ Ֆրեզնո քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանը: Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանը հայտարարեց, որ հետաքննում են դեպքի մանրամասները, և հուշարձանը կվերականգնվի մեկ շաբաթից: Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն էլ նշել էր, որ ուրբաթ օրն ինչ-որ մեկը պոկել է հուշարձանի հուշատախտակներից մեկը:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լոս Անջելեսի ասորական սուրբ Մարի Փարիշ եկեղեցում պատարագ կմատուցվի հայերի, հույների եւ ասորիների Ցեղասպանության նահատակների հիշատակին: Արարողության ժամանակ ելույթներ կունենան Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, հայ առաքելական, ասորական եւ հունական եկեղեցու հոգեւոր հովիվները:

Իսկ ահա Բուենոս Այրեսում կկայանա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Մորիս Ռավելի եւ Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները: Բուենոս Այրեսում օգոստոի 5-ին տեղի կունենա ևս մեկ իրադարձություն.

Արգենտինացի պատմաբանների եւ ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությամբ կկայանա գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գիտաժողովի ընթացքում պատմաբանները կքննարկեն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը:

Լատինական Ամերիկայի խորհրդարանը հուլիսի 31-ին հատուկ որոշմամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ուրուգվայի պատգամավոր Ալֆրեդո Աստուն հայտարարել էր, որ խորհրդարանն ընդունել է այդ հայտարարությունը գրեթե միաձայն. դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր:

ԼՂ հակամարտություն

Անցնող շաբաթ կրկին անհանգիստ էր իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտեցին նաև հանգստյան օրերին` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում, հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվեցին: Հակառակորդն այսքանով, սակայն, չբավարարվեց. հուլիսի 27-ին և լույս 28-ի գիշերը տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:

Ադրբեջանական բանակի այս գործողություններին ավելացավ այդ երկրի պաշտպանության նախարարության հերթական սարիչ քայլը: Այս գերատեսչությունը լուրեր տարածեց, թե իբր իրենց զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է վնասազերծել Աղդամի շրջանում: Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը.«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում»,- ասված էր հայտարարության մեջ:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրում է սպառազինության մրցավածքի մեջ՝ շահարկելով ՌԴ-ից 200 մլն դոլար վարկ ներգրավելու փաստը, Շավարշ Քոչարյանը նշեց, որ իրականում հայկական կողմի նպատակը միշտ եղել է սպառազինության բալանսի պահպանումը, ինչը և արվում է: Նա միաժամանակ կոչ արեց Ադրբեջանին «խելքը գլուխը հավաքել» և չտրվել սպառազինությունների մրցավազքին: ՀՀ փոխարտգործնախարարի դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են իրենց ռեժիմը պահպանելու համար, որովհետև նրանք այլ բան չեն գտել շեղելու իրենց քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից և համախմբելու հասարակությանը: Անդրադառնակով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը՝ փոխարտգործնախարարը նկատեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի իր երկրում չլինեն գրասենյակներ, որոնք հետապնդում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ:

Ներհայաստանյան իրադարձություններ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը: Նիստում վարչապետը կարևորեց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը խորհրդի աշխատանքներին և ընդգծեց, որ իրենց նպատակն է այս ձևաչափի մեջ համախմբել առկա ուժերը, փորձառությունը և գնալ վճռական քայլերի: Հովիկ Աբրահամյանը միաժամանակ ընդգծեց, որ կառավարությունն ունի կամք և վճռականություն կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարությունը ակտիվորեն կհամագործակցի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ, իսկ վերջինս նախատեսված ծրագրերի իրականացման գործում կունենա 750 հազար դոլարի ֆինանսական մասնակցություն:

Նիստում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարում գործարար ոլորտի հետ ակտիվ համագործակցությունը, ինչը, ըստ Հովիկ Աբրահամյանի, ներկայում բաց է թողնված: Այս համատեքստում վարչապետը գործարար հատվածին կոչ արեց մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում հայտնի դարձավ նաև, որ կառավարությունը կհամաֆինանսավորի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի 25 տոկոսը:

ՀՀ Ազգային ժողովում կայացավ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրության վերաբերյալ քննարկում: «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների ուսումնասիրության արդյունքները համառոտ ներկայացրելով` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ «Նաիրիտ»-ի հարցի շուրջ ընտրությունը մեծ չէ. կամ գործարանը պետք է վերագործարկվի, կամ պետք է լուծարվի, սակայն  կառավարությունն ուղիներ է փնտրում գործարանի վերագործարկման համար: Նախարարը նաև հավելեց, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում կատարվել են առաջարկություններ, որոնք կառավարությունը կարող է  հաշվի առնել որոշում կայացնելիս:

Քննարկման ժամանակ «Շանսի Նաիրիտ» գործարանի համանախագահ Իոսիֆ Իսայանը հայտնեց, կաուչուկի հայ-չինական «Շանսի Նաիրիտ» ընկերությունն աշխատում է վնասով և Հայաստանի Հանրապետության համար շահույթ կարող է ապահովել միայն, եթե փակվի գոյացած 150 միլիոն դոլար վնասը: Նրա խոսքով` գործարանի արտադրական հզորությունը 30 հազար տոննա է, բայց մինչ այսպահը ամենաշատ կաուչուկն արտադրվել է 2014-ին` 20 հազար տոննա: 

ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Երևանի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը, բոլոր փաստաթղթային ձևակերպումներին զուգահեռ, հաջողությամբ կատարվում է և աշխատավարձերի վճարման ողջ գործընթացը կավարտվի առաջիկա երկու օրերի ընթացքում:

Նիստում ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց Ստուգումների կազմակերպման և անցկացման իր նախորդ որոշումներից մեկը, որոով նվազագույնի են հասցվում տնտեսվարողների մոտ տեսչական ստուգումներըՀՀ կառավարության որոշմամբ` 2015 թվականի սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2015 թվականի սեպտեմբերի 19-ը` շաբաթ օրը: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ օգոստոսի 16-ը՝ Խաղողօրհնեքին հաջորդող օրը, լինելու է աշխատանքային:

Նիստում կառավարությունը հավանություն տվեց «Արարատ-Ռեստորան»-ը ձեռք բերելու և այն «Տանգո» ՓԲԸ-ին օտարելու նախագծին: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց նաև ԵՄ-ի հետ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020թթ.)» Միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով ՀՀ ՓՄՁ-ները կօգտվեն ԵՄ բազմաթիվ նախաձեռնություններից:

Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվեց, որ  հայկական ատոմային էլեկտրակայանի համար կառավարությունը  սարքավորումների հերթական խմբաքանակը ձեռք կբերի արագացված կարգով՝ առանց մրցույթի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 27-ին մեղադրանք առաջադրվեց Սյունիքի մարզպետի որդուն: Ավելի ուշ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը.  նրա նկատմամբ սահմանվեց երկամսյա կալանք: Բացի այդ, դատարանը մերժեց գրավի դիմաց Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խորհրդատվական ծառայություն մատուցող 5 ընկերության ուղարկեց հրավեր-առաջարկներ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կսուբսիդավորի «Որոտանիե ՀԷԿ-երի կասկադի վաճառքից ստացվելիք գումարով «Մինչ ՀԵՑ-ում աուդիտի ավարտը` ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բեռը: Այդ մասին հայտարարել է նաև ՀՀ նախագահը: Ծախսերը սուբսիդավորվելու են եՈրոտանի« ՀԷԿ-երի կասկադի օտարումից ստացվելիք գումարներով»,- նշեց վարչապետը:

Շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Սահմանադրության նոր նախագիծը: «Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքն ու Սահմանադրության նոր նախագիծը շատ լավ հիմք են երկրում բարեփոխումներ իրականացնելու համար»,-նշված էր եզրակացության մեջ: Շուրջ 30 էջանոց փաստաթղթում ՎՀ-ը տարատեսակ առաջարկություններ է ներկայացանում Ազգային ժողովի, խմբակցությունների գործունեության, պատգամավորների մանդատի եւ այլ հարցերի առնչությամբ: 

Լարված իրավիճակ Թուրքիայում

Ինչպես նախորդ, այս շաբաթ նույնպես իրավիճակը լարված էր Թուրքիայում: Հուլիսի 27-ին Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ հրավիրեց: Նիստին մասնակցող երկրների դեսպանները դատապարտեցին թուրքական պետության ներսում իրականացվող ահաբեկչական գործողությունները: Խորհրդի նիստի արդյունքներով ընդունված կոմյունիկեում երկրների ներկայացուցիչներն իրենց համերաշխությունը հայտնեցին Թուրքիային: Այդուհանդերձ, փաստաթղթում չի նշվել որևէ հստակ միջոց, որով իրենք կաջակցեն Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում:

Սիրիայի հետ սահմանում իրավիճակի սրման հետ կապված Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը արձակուրդներից հետ կանչեց երկրի հարավարեւելքում տեղակայված դաշտային 2-րդ եւ 3-րդ բանակների հրամանատարական անձնակազմին:

Երկրում իրականացվող հակաահաբեկչական պայքարի հարցը քննարկելու նպատակով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Չանքայայի պալատում նախարարների խորհրդի նիստ հրավիրեց: Հետաքրքրական էր այն, որ խորհրդին մասնակցելու նպատակով, նախարարներից բացի, պալատ էին ժամանել նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սիրիայում քրդական ազգային պաշտպանության ուժերի ղեկավարությունը Թուրքիայից պահանջեց դադարեցնել քրդական շրջանների ռմբակոծությունը: Գերատեսչության ներկայացրած փաստաթղթում նշվում էր, որ թուրքական բանակը «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերը ռմբակոծելու փոխարեն մի քանի անգամ ռմբակոծել է Քոբանիի մերձակայքում քրդական և Սիրիայի ազատ բանակի դիրքերը: Իր հերթին Դամասկոսը ևս մտահոգություն հայտնեց թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Սիրիայի քրդական գյուղերի վրա թուրքական զինուժի հրետանակոծության վերաբերյալ մտահոգություն հայտնեց նաև ԱՄՆ սենատոր Ջոն ՄքՔեյնը: Նա դրական քայլ է համարել Թուրքիայի որոշումը` օժանդակելու ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարին: «Ամերիկյան կործանիչ ինքնաթիռների համար թուրքական բազաների օգտագործումը կբարելավի արձագանքման համար պահանջվող ժամանակահատվածը և կընդլայնի Սիրիայից տեղեկատվության հավաքագրման հնավարությունները: Այնուամենայնիվ, ես մտահոգված եմ այն հրապարակումներով, որ թուրքական զինուժը հրետանակոծում է Սիրիայի քրդական գյուղերը»,- հայտարարեց ՄքՔեյնը:

Սիրիա

Իրավիճակը Սիրիայում կրկին անհանգիստ էր: Դամասկոսի մերձակայքում և բնակելի թաղամասերում հուլիսի 27-ին հրասանդների ընկելու հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ տուժեց: Հրթիռներ են ընկել նաև Հալեպի Նիյալ շրջանում, ինչի հետևանքով 5 մարդ է վիրավորվել, նյութական վնասներ են արձանագրվել:

«Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը հուլիսի 28-ին տեղեկացրեց, որ Հալեպում ջրի և էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի համեմատությամբ բարելավվել է: Հոսանքը միանում է օրական շուրջ 6 ժամ, իսկ ջուրը հասանելի է արդեն շատ շրջաններում: Համացանցային ծառայությունը շարունակում է չգործել: 

Ահաբեկիչների հետ շուրջ մեկ ամիս տևած թեժ մարտերից հետո սիրիական ու քրդական ուժերին հաջողվեց ԻՊ-ին վռնդել են Հասաքեից: Բախումները, սակայն, շարունակվում են քաղաքի հարավային ծայրամասերում:

Դամասկոսի բնակելի թաղամասերում հուլիսի 30-ին հրասանդների պայթյունի հետևանքով 4 խաղաղ բնակիչներ վիրավորվեցին, իսկ հայաշատ Հալեպում հուլիսի 31-ին հրթիռի պայթյունից վիրավորվեց Ջորջ Ուրֆալյանը, ով սիրիական ՍԱՆԱ գործակալության լուսանկարիչն է: Դեպքը տեղի էր ունեցել ալ Ռաշիդին թաղամասում լրատվական աշխատանքներն իրականացնելու ժամանակ: Նաև վիրավորվել են սիրիական հեռուստակայանի երկու աշխատակիցներ՝ Շադի Հելուեն և Ֆադի Խարուֆը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am