Դատարանը Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը. նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանք: Բացի այդ, դատարանը մերժել է գրավի դիմաց Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավելի վաղ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Խաչատրյանի փաստաբանի միջնորդությամբ երկու ժամով հետաձգել էր կալանքի քննությունը` դատարանին իր պաշտպանյալի անմեղությունը հավաստող լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ապացույցների համակցությամբ` Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում