Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սփյուռք» ամառային դպրոց»-ը Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն ամրապնդելու հարթակ է. ՀՀ վարչապետ

«Սփյուռք» ամառային դպրոց»-ը Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն ամրապնդելու հարթակ է. 
ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց-2015» ծրագրի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը և հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը, ողջունելով ներկաներին, կարևորել է ծրագրի իրականացումը և շարունակականությունը: «Սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ և ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Դա գերակա խնդիր է կառավարության համար, և մենք ջանք ու նյութական ռեսուրս չենք խնայելու, որպեսզի այս ձևաչափով մեր շփումներն ու կապերն ամրապնդենք: Դա բխում է մեր պետության շահերից, և ես սա համարում եմ ազգանվեր, հայանպաստ ծրագիր», - նշել է վարչապետը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդգծել է, որ «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագիրն իրականացվում է արդեն երեք տարի. սկզբում յուրաքանչյուր տարի ծրագրի շրջանակում հատկացվում էր ֆինանսավորում 150 հոգու համար, իսկ 2014 թ. վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ծրագրի ֆինանսավորման չափը կրկնապատկվել է:

«Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության և ծրագրով նախատեսված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է սփյուռքահայ հայրենակիցներին հուզող հարցերին: Դրանք վերաբերում էին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության գերակայություններին, տնտեսության զարգացման առաջնահերթություններին, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, հայրենադարձության և հայապահպանության խնդիրներին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, սահմանադրական բարեփոխումներին, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանն ուղղված ծրագրերին և այլնին:

Վարչապետը, եզրափակելով խոսքը, հորդորել է ամառային դպրոցի մասնակիցներին միշտ կապված լինել միմյանց և մայր հայրենիքի հետ, հաճախ այցելել Հայաստան և շարունակել հայրենիքի սահմաններից դուրս հայապահպանության դժվարին ու պատվաբեր գործը:

«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է 2012 թվականից Երևանի պետական համալսարանի հետ: Դասընթացներն իրականացվում են վեց ուղղությամբ՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևմտահայերեն և արևելահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց» և 2014 թվականից նաև՝ «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման դասընթաց»: Այս տարի դպրոցին մասնակցել է 250 սփյուռքահայ: Ուսումնական, տեսական և գործնական պարապմունքներին զուգահեռ կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am