Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել շուրջ 109.1 միլիոն խմ ջուր

Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել շուրջ 109.1 միլիոն խմ ջուր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճից ոռոգման նպատակով, հուլիսի 27-ի դրությամբ, բաց է թողնվել շուրջ 109.1 միլիոն խմ ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի շուրջ 193.4 միլիոն խորանարդ մետրի փոխարեն: «Սևանա լճի մակարդակը, հուլիսի 27-ի դրությամբ, կազմում է 1900.48 մետր. արձանագրվել է Սևանի մակարդակի դրական դինամիկա: Միաժամանակ, Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 97.8 միլիոն խմ ջուր: Բացի այդ,` Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Արփա-Սևան թունելի վերականգնման ներդրումային ծրագրով 2015 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 31-ը կատարվել է 650 միլիոն 584.009 հազար դրամի հիմնական նորոգման աշխատանքներ (տարեկան բյուջեն՝ 1 միլիարդ 517 միլիոն 861 հազար ՀՀ դրամ)»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ ջրօգտագործող ընկերությունների կողմից, 2015 թվականի հուլիսի 27-ի դրությամբ, հողоգտագործողներին և գյուղացիական տնտեսություններին փաստացի մատակարարված ջրտուքը կազմել է 324 միլիոն խմ: Բավարարվել են ոռոգման ջրի բոլոր հայտերը, ինչպես նաև լրացուցիչ պահանջված ջրաքանակները: «Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման և ոռոգելի հողատարածքների արդյունավետ օգտագործման գործում կարևոր նշանակություն ունի ոռոգման ռեժիմի և ջրման գործընթացի ճիշտ կազմակերպումը, որից է կաթիլային ոռոգումը: Հայաստանի Հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման առաջին փորձերը կատարվել են դեռևս 1973-75 թվականներին Մասիսի տարածաշրջանում: Այն, ի տարբերություն մակերեսային ոռոգման, ունի մի շարք առավելություններ՝ ջրման գործընթացը լիովին ավտոմատացված է, բացակայում է իռիգացիոն էրոզիան, հնարավոր է կիրառել բարդ ռելիեֆային պայմաններում, խնայվում է ոռոգման ջրի զգալի քանակություն՝ միավոր բերքի վրա ծախսվող ջրի քանակը նվազում է 4-5 անգամ»,-շեշտեց Հարությունյանը` նկատելով, որ առաջիկայում Կապսի ջրամբարի վերակառուցման ֆինանսավորման ծրագրի շրջանակներում նախատեսվում է պիլոտային կարգով իրականացնել նմանատիպ ծրագիր:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք ոռոգման արդյունավետության տեսանկյունից օրվա որ ժամերին է ավելի նպատակահարմար իրականացնել ոռոգումը, Արամ Հարությունյանը պատասխանեց հետևյալը. «Նախորդ տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիշերային ոռոգումը ավելի տնտեսող է: Բացի այդ, որոշ բանջարանաբոստանային կուլտուրաներ գիշերով ոռոգելը ավելի ճիշտ է, քան օրվա ցերեկային ժամերին: Գյուղացիական տնտեսությունները հաճախակի մեզ խնդրում են ոռոգումը իրականացնել հենց գիշերային ժամերին: Դուք կզարմանաք, բայց գիշերային ոռոգման դեպքում ջրի կորուստներ գրեթե չեն լինում»:

Նա հավելեց նաև, որ ոռոգման ջրի հաշվառումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով վերջին երեք ամիսների ընթացքում ոռոգման համակարգերի  հանգուցային 80 կետերում տեղադրվել են ժամանակակից ջրաչափեր, որոնց շահագործումը հնարավորություն կտա ջրաքանակների հոսքի նկատմամբ իրականացնել ամենօրյա առցանց հսկողություն: «Ջրաչափերի տեղադրումն իրականացվում է ջրամբարների մուտքամասերում, ելքամասերում (Արփի լճի, Ախուրյանի, Մարմարիկի, Ապարանի և Ազատի ջրամբարների 9 դիտակետերում նախատեսված է տեղադրել ռադարային մակարդակաչափեր), մայր ջրանցքների գլխամասերում, դրանց բաժանարարներում և այլ հանգուցային կետերում: Նախատեսված 80 կետերից ջրաչափեր արդեն իսկ տեղադրված են ընդհանուր հաշվով 76-ում: Բազմաթիվ երկրներում օգտագործվող այս ժամանակակից համակարգը բարձրացնում է ջրի տեղափոխման և բաշխման արդյունավետությունը, հստակեցնում ջրի կորուստները, բարելավում ջրի հոսքի կառավարումը, կատարում ջրանցքով անցնող ջրի ծավալի ավտոմատացված հաշվարկ, գրանցում այլ պարամետրեր` վերջնական արդյունքում բարելավելով ջրամատակարարումը»,- ընդգծեց Հարությունյանը` նշելով, որ այս համակարգի վերջնական ներդրումը և ամբողջական կիրառումը թույլ կտա ջրաչափության գործընթացում առցանց-մշտադիտարկում ու հսկողություն իրականացնել: Բոլոր դիտակետերը միավորված կլինեն միասնական ցանցով:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am