Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայոց ցեղասպանությունը ժխտողներն իրենց նույնացնում են ոճրագործության պատասխանատուների հետ. Փիթեր դե Ռուվեր

Հայոց ցեղասպանությունը ժխտողներն իրենց նույնացնում են ոճրագործության 
պատասխանատուների հետ. Փիթեր դե Ռուվեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ «Ֆլամանդական նոր դաշինք» (N-VA) կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը գտնում է, որ հայ-թուրքական հաշտեցումը հնարավոր է միայն թուրքական կառավարության կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության  ճանաչման դեպքում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Ներկայացուցիչների պալատում բելգիացի պատգամավորի ելույթում, որի ժամանակ պատգամավորը մանրամասնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի նպատակն ու առաքելությունը:

Փիթեր դե Ռուվերի խոսքով՝ նման ողբերգությունները կարող են կոլեկտիվ տրավմայի ազդեցություն ունենալ ժողովուրդների կամ բնակչության վրա և փոխանցվել սերնդեսերունդ, եթե քայլեր չձեռնարկվեն հաշտեցման ուղղությամբ: «Հաշտեցումը հնարավոր է միայն թուրքական կառավարության կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության  ճանաչման դեպքում: Շատ թուրքեր արդեն ճանաչել են այն, իսկ որոշներն անգամ բանտարկվել դրա համար: Սակայն որևէ պաշտոնական ճանաչում Թուրքիայի կողմից դեռևս չի եղել»,- նշել է խորհրդարանականը: Ըստ նրա՝ բանաձևը բելգիացի օրենսդիրների կոչն է ուղղված Թուրքիային՝ վերջապես քայլեր ձեռնարկել հաշտեցմանն ուղղությամբ:

Բելգիացի քաղաքական գործիչը նաև բացատրել է, որ իրենց նպատակը չէ մեղադրել թուրք ժողովրդին կամ թուրքական հաստատություններին միայն նրանց ազգային պատկանելության համար: «Ոչ ոք չի կարող պատասխանատու համարվել՝ միայն իր ծագման պատճառով: Մեր բանաձևում այս մասին նույնպես հստակ նշվում է: Սակայն տարընկալումից խուսափելու համար պետք է նշել, որ նրանք ովքեր դեռևս ժխտում կամ արադարացնում են Հայոց ցեղասպանությունը, իրենց նույնականացնում են ոճրագործության պատասխանատուների հետ՝ այդ կերպ իրենց վրա վերցնելով բարոյական պատասխանատվություն: Անվանի թուրք քաղաքական գործիչները և հաստատությունները, ժխտելով կամ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը, պատասխանատու են դառնում իրենց արարքների և դիրքորոշման համար»,- ասել է խորհրդականը:

«Մեր բանաձևը պետք է ընթերցվի և հասկացվի միայն այս ոգով»,- ընդգծել է նա: Փիթեր դե Ռուվերը նաև շեշտել է, որ թեև բանաձևը վերաբերում է հայերի ցեղասպանությանը, սակայն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանական գործողությունների զոհն են դարձել նաև այլ ազգեր:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Ներկայացուցիչների պալատի անդամներից 124-ը կողմ են քվեարկել բանաձևին, իսկ 8-ը ձեռնպահ են մնացել: Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am