Հայաստանը կարևոր դեր է խաղում միջմշակութային երկխոսության ոլորտում. Ալֆրեդո Պերես դ’Արմինիա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևոր դեր է խաղում մշակութային, հատկապես միջմշակութային երկխոսության ոլորտում: Այս մասին հուլիսի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը լրագրողներին ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ’Արմինիան: «Հայաստանը, մասնակցություն ունենալով միջմշակութային երկխոսության ոլորտում, ձեռք է բերել իր սեփական ձեռագիրն այդ գործում, որտեղ մեծ են հայաստանյան գործընկերների ջանքերը և աշխարհասփյուռ հայ համայնքի դերն այդ գործում», - ասաց Ալֆրեդո Պերես դ’Արմինիան:
Լրագրողների հարցին թե ինչպես կգնահատի հայկական մշակութային կոթողների ոչնչացումը Մերձավոր Արևելքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնականը հրաժարվեց պատասխան տալ` պատճառաբանելով, որ «դա երկրների միջև բազմակողմանի հարց է»: Սակայն ասաց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք կոնվենցիաներ միտված են պաշտպանելու ազգերի մշակութային ժառանգության հուշարձանները, որոնցում մեծ դեր պետք է ունենան երկրների կառավարությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում