Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հունահայ համայնքն անհանգստացած է ֆինանսական կրճատումների արդյունքում հայկական դպրոցների տուժելու հնարավորությամբ

Հունահայ համայնքն անհանգստացած է ֆինանսական կրճատումների արդյունքում  հայկական 
դպրոցների տուժելու հնարավորությամբ

ԱԹԵՆՔ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ո՛չ հունահայ համայնքի ներկայացուցիչները, ո՛չ էլ այնտեղ գործունեություն իրականացնող ազգային ավանդական կուսակցությունները որեւէ հայտարարություն չեն տարածել կամ դիրքորոշում չեն հայտնել այն առնչությամբ, թե հուլիսի 5-ին Հունաստանում կայանալիք հանրաքվեի ժամանակ հունահայերն ինչպես պետք է քվեարկեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աթենքում լույս տեսնող «Ազատ օր» պարբերականի տնօրեն  Մայք Չիլինկերյանը  նշեց, որ յուրաքանչյուրն ազատ է իր դիրքորոշման մեջ եւ իրավունք ունի կատարելու ընտրություն: Հայերի մի մասը կողմ է Եվրամիության առաջադրած ծրագրերին, մի մասն էլ կողմնակից է վարչապետ Ցիպրասի հայտարարությանն ու դեմ է քվեարկելու առաջարկությանը:

«‹Հունահայ համայնքի դիրքորոշումն այն է, որ չպետք է գնալ ծայրահեղությունների, որի ականատեսը լինում ենք վերջին օրերին, եւ տարբեր դիրքորոշում ունեցող անձինք միմյանց վիրավորում են, ինչը մեզ համար անընդունելի է: Սա միայն հունահայ համայնքի տեսակետը չէ: Բոլոր նորմալ մարդիկ, ովքեր սիրում են Հունաստանն ու անհանգստանում, չեն ցանկանում, որպեսզի ծայրահեղություններ լինեն: Ընդհանուր առմամբ՝ վիճակը շատ վատ է, սակայն պետք է սթափ դատել»,- նկատեց Մայք Չիլինկերյանը՝ հավելելով, որ մթնոլորտը լարված է, եւ մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում:

Հենց այդ անորոշությունն էլ ավելի է սրում իրավիճակը, իսկ այն, որ քաղաքացիները չեն կարողանում որեւէ բանկային գործարք կատարել եւ հաշվեհամարից գումար հանել, ավելի է թեժացնում վիճակը:

Անդրադառնալով Եվրամության առաջադրած ծրագրին, որոնց համաձայն՝ երկրում պետք է ֆինանսական լուրջ կրճատումներ կատարվեն եւ բարեփոխումներ լինեն դեֆոլտից խուսափելու համար, Չիլինկերյանն ասաց, որ այդ ծրագիրն էլ է անորոշության մեջ գցել հույներին: Միակ փաստն այն է, որ եթե կրճատումներ լինեն, ապա դրանք ազդելու են բոլորի վրա, նաեւ հունահայերի, քանի որ նրանք համարվում են Հունաստանում ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ երկրի լիիրավ քաղաքացիներ:

«Կրճատումները բոլորի համար են: Այս պահին ազգային փոքրմասնություններին տրամադրվելիք ծախսերի կրճատման մասին խոսք չկա: Պետք է շեշտեմ, որ հայերը չեն համարվում ազգային փոքրամասնություն, այլ հանդիսանում են Հունաստանի քաղաքացիներ եւ այս առումով կրճատումներն ու նոր բարեփոխումները ազդելու են հունահայերի վրա այնպես, ինչպես այդ երկրի մնացած քաղաքացիների»,- ընդգծեց Չիլինկերյանը՝ հավելելով, որ վերջին 5 տարվա ընթացքում եղել են խնդիրներ՝ հատկապես տնտեսական հարթության վրա, սակայն դրանք փորձել են հարթել՝ համագործակցելով իշխանությունների հետ:

Ներկա դրությամբ՝ հիմնական մտահոգությունը, որ հունահայերն ունեն ֆինանսական կրճատումների առնչությամբ, վերաբերում է կրթությանը: Դպրոցներում հայերենի ուսուցիչների աշխատավարձը վճարում է պետությունը, եւ այս առումով համայնքում չեն բացառում, որ նոր բարեփոխումները բացասաբար կանդրադառնան հայ ուսուցիչների վրա:

«Հինգ տարի առաջ, երբ տնտեսական ճգնաժամը նոր էր սկսվում, նման խնդիր առաջացավ, սակայն այն ժամանակ մենք կարողացանք խնդիրը լուծել: Այս առումով մի քանի հանդիպում ենք ունեցել երկրի իշխանությունների հետ եւ ներկայացրել, որ մեզ համար ամենակարեւոր հարցը դպրոցների խնդիրն է, մնացած ամեն ինչը երկրորդական է, եւ ցանկանում ենք, որ հայ ուսուցիչները շարունակեն վարձատրվել պետությունից»,- շեշտեց Չիլինկերյանը՝ հավելելով, որ արդեն 30 տարի է՝ հայ ուսուցիչներին վարձատրում է Հունաստանի պետությունը:

Հուլիսի 5-ին Հունաստանում կկայանա հանրաքվե, որի ժամանակ երկրի քաղաքացիները կորոշեն՝ ընդունում են Եռյակի առաջարկությունները դեֆոլտից խուսափելու համար, եւ հրաժարվում են Եվրամիությունից ու կփորձեն սեփական ուժերով լուծել խնդիրները: Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ում կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին հաղթել է «Բավական է կերակրենք Եվրամիությանը» կարգախոսով, հայտարարել է, որ «ոչ» քվեարկելով  առաջարկությանը, Հունաստանը կողմ է քվեարկելու Եվրոպայում արժանապատիվ կյանքին: Հուլիսի 3-ին Աթենքի կենտրոնական Սինդաղմա հրապարակում 25.000 քաղաքացիների առաջ Ցիպրասը կրկնել է իր կոչը՝ հավելելով, որ Հունաստանն ունակ է խնդիրները լուծել սեփական ուժերով:

Հունաստանում տնտեսական խնդիրները սկսվեցին 5 տարի առաջ: 2010թ. զանգվածային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հունաստանը կանգնած էր դեֆոլտի առաջ, եւ եթե դա տեղի ունենար, ապա դա կլիներ եվրոյի պատմության ընթացքում առաջին դեֆոլտը: Այդ ժամանակ Եռյակը՝ Եվրամիությունը, ԵՄ կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը Հունաստանին տվեցին առաջին վարկը: Այս հինգ տարվա ընթացքում Հունաստանի պետական պարտքը աճել է մինչև 324 միլիարդ եվրո, որը 175 տոկոսով մեծ է երկրի ՀՆԱ-ից: Այդ գումարից 246 միլիարդը Հունաստանին տվել են Եվրագոտու երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Ավստրիան եւ Ֆինլանդիան: Վարկի մարման ժամկետը այս տարվա հունիսի 30-նն էր, սակայն վարչապետ Ցիպրասը հայտարարեց, որ Հունաստանը չի կարող այդ պարտքը վճարել եւ խնդրեց պարտքի մարումը երկարացնել: Ցիպրասի առաջարկությանն ի պատասխան Եռյակը հանդես եկավ առաջարկությամբ, որը ենթադրում էր բյուջետային ծախսերի կրճատում՝ հատկապես սոցիալական ոլորտում, կենսաթոշակային տարիքի բարձրացում եւ այլն: Հուլիսի 5-ին կայանալիք հանրաքվեով պարզ կդառնա, արդյոք Աստվածների երկիրը լքում է Եվրագոտին, թե՝ ոչ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am