Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նախագահն ընդունել է Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների պատվիրակությանը

Նախագահն ընդունել է Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 3-ին ընդունել է Երևանում հուլիսի 1-4-ը անցկացվող Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների պատվիրակությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ 4-րդ համագումարը ևս նախորդների նման կառանձնանա իր արդյունավետությամբ, կնախանշվեն առողջապահության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության նոր հեռանկարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, գոհունակությամբ փաստելով, որ տարեցտարի համագումարի մասնակիցների թիվը և աշխարհագրությունն ընդլայնվում է, Սերժ Սարգսյանը ոգևորիչ է համարել, որ սփյուռքում բնակվող և նշանակալի հաջողությունների հասած մեր հայրենակիցներն այսօր իրենց փորձն ու գիտելիքները ներդնում են նաև հայրենիքի առողջապահական համակարգի զարգացման գործում: Հանրապետության Նախագահը կարևորել է համագումարի պարբերաբար անցկացումը, որը, նրա համոզմամբ, հնարավորություն է տալիս հայազգի բժիշկներին՝ աշխատելու կողք կողքի և Հայաստան բերելու աշխարհում այս ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, խթանելու բժշկագիտությունն ու բժշկական որակյալ կրթությունը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում և Արցախում բնակչության առողջության պահպանմանն ու տրամադրվող բժշկական օգնության որակի բարելավմանը:

Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել են համագումարում ունեցած քննարկումների արդյունքները, փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ Հայաստանի առողջապահության համակարգի արդի խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ոլորտի բարեփոխման ուղղությամբ Հայաստանում տարեցտարի արձանագրվում են որոշակի տեղաշարժեր, առանձին ուղղություններով նաև՝ զգալի առաջընթաց, սակայն ժամանակակից և որակյալ առողջապահական համակարգ ունենալու ճանապարհին դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու, որի ուղղությամբ Հայաստանի և սփյուռքի մասնագետների ներուժի համախմբումն անհրաժեշտություն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am