Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հաղթանակի գեներալները». Գևորգ Տեր-Գասպարյան

«Հաղթանակի գեներալները». Գևորգ Տեր-Գասպարյան

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է ԽՍՀՄ գեներալ-լեյտենանտ Գևորգ Անդրեյի Տեր-Գասպարյանին:

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Գևորգ Տեր-Գասպարյանը ծնվել է 1903 թվականի հոկտեմբերի 10-ին Նախիջևանում: Նախիջևանի դպրոցներից մեկն ավարտելուց հետո նա 17 տարեկանում համալրում է Կարմիր բանակի շարքերը:

                                           Ուսումը և զինվորական կարիերան

Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան զինվորական դպրոցն ավարտելուց հետո նա ծառայության է անցնում Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, որտեղ (մինչև 1935 թվականը) Գևորգը հաջորդաբար զբաղեցրել է դասակի, վաշտի հրամանատարի և դիվիզիայի շտաբի պետի օգնականի պաշտոնները: ԽՍՀՄ զինված ուժերի Մ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան գերազանցությամբ ավարտելուց հետո (1938 թ.) Տեր-Գասպարյանը նշանակվում է Ռուսաստանի Հեռավորարևելյան դիվիզիաներից մեկի հրամանատար։ Ըստ Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, «1000 հայազգիգեներալներ, ծովակալներ» (Ե., 2009) գրքի:

                                               Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմի սկզբում փոխգնդապետ Գևորգ Տեր-Գասպարյանը՝ իբրև Կ. Վորոշիլովի անվան Կուրսկի 55-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի ղեկավար, մասնակցել է Բելառուսում Սլուցկի ուղղությամբ ընթացող մարտերին: Երբ մարտերից մեկի ժամանակ զոհվում է դիվիզիայի հրամանատար Դ. Իվանյուկը, Տեր-Գասպարյանն իր ձեռքն է վերցնում դիվիզիայի ղեկավարումը:

Հարավարևմտյան ռազմաճակատի 227-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության օրոք նա մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը։ 1942 թվականի ամռանը Տեր-Գասպարյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում, որից հետո նա նշանակվում է Ստալինգրադում շրջանում գործող 60-րդ բանակի շտաբի պետ:

1943 թվականի աշնանը որպես Վորոնեժի ճակատի բանակներից մեկի շտաբի պետ գետանցել է Դեսնան, Դնեպր գետերը և մասնակցել Կիևի ազատագրմանը` հասնելով մինչև Լեհաստան։

                                                  Հետպատերազմյան շրջան

Գեներալ-մայոր Գևորգ Տեր-Գասպարյանը 1945 թվականի հուլիսին նշանակվել է Կիևի զինվորական շրջանի շտաբի պետ և զորքերի հրամանատարի առաջին տեղակալ: Այնուհետև 1949 թվականի մայիսին գեներալ-լեյտենանտի կոչումը ստանալուց հետո նա սովորել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի Կ․ Վորոշիլովի անվան ակադեմիայում։

Գևորգ Տեր-Գասպարյանը, երկարատև ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքում է 1949 թվականի օգոստոսի 31-ին Մոսկվայում և թաղվում տեղի Նովոդևիչյան գերեզմանատանը:Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.» (Ե., 2010) գրքի:

Պարգևները

Նա պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի երկու, Կարմիր աստղի երկու, Սուվորովի առաջին և երկրորդ աստիճանի, Բոգդան Խմելնիցկու երկրորդ  աստիճանի շքանշաններով և Ստալինգրադի պաշտպանության ու Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի մեդալներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am