Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ազատության հրապարակում քաղաքական կոչեր չեն հնչում, Բաղրամյանում փոխվում է անգամ պաստառների լեզուն

Ազատության հրապարակում քաղաքական կոչեր չեն հնչում, Բաղրամյանում 
փոխվում է անգամ պաստառների լեզուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ թալանին» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում այլևս նախաձեռնող չէ: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կարծում է, որ Բաղրանյան պողոտայում որոշ ուժեր ցանկանում են սոցիալական պահանջը տեղափոխել քաղաքական դաշտ: Նա այդպես է հիմնավորում իրենց քայլը, երբ Բաղրամյան պողոտայում հարթակից հայտնեցին, թե շարունակելու են իրենց պայքարը Ազատության հրապարակում: «Այնտեղ հնարավոր չէր լինի կառավարումը մեր կողմից, քանի որ հայտնվել էին կառույցներ, անհատներ, որոնք հարցը տեղափոխում էին այլ հարթություն, ինչը մեր վերահսկողությունից դուրս կարող էր լինել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Վաղինակ Շուշանյանը: Նա հավելեց, որ կփորձեն իրավական հարթության վրա խելացի պայքարով հասնել ռացիոնալ լուծման եւ իրենց պահանջի կատարմանը: «Նախաձեռնության ներսում տարաձայնություններ չկան: Աշխատանքներ էին տարվում նախաձեռնության վրա, սակայն մենք թույլ չտվեցինք, որ նրանք հասնեն հաջողության»,-ավելացրեց ակտիվիստը: Վաղինակ Շուշանյանը հայտնեց նաև, որ ինքն անձամբ կգնա և Բաղրամյան պողոտա, և Ազատության հրապարակ, որպեսզի մոտիկից հետևի իրավիճակին:

Ազատության հրապարակում փոքրաթիվ մարդիկ էին, ովքեր հետ էին վերադարձել Բաղրամյան պողոտայից` նշելով, որ հետագա բարդություններից են խուսափել:

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտային, ապա այն շարունակում է փակ լինել, այնտեղ ամեն ինչ գրեթե նույնն է, ինչ նախորդող օրերին` մի քանի բացառությամբ: «Արմենպրես»-ի թղթակիցը եղել է Բաղրամյան պողոտայում և ստորև ներկայացվում է մի քանի դիտարկում: Սկզբում ձևական կողմերը. պողոտան այնքան մաքուր ու կոկիկ չէր, որքան նախորդող օրերին: Ջուր բաժանողներն էլ արդեն այնքան պատրաստակամ չէին, միգուցե որովհետև չունեին մեկանգամյա օգտագործման բաժակներ կամ դրանք նվիրաբերողներ: Սննդամթերք բաժանող կետը ևս այնքան հյուրընկալ ու առատ չէր, ինչպես նախկինում էր: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ապա այստեղ փոփոխություններն այնքան ակնհայտ չէին, քանի որ կրկին հրապարակ է բերվում «ժողովուրդ» գաղափարը ու անհատական ընտրության մոտեցումը: Այսինքն` յուրաքանչյուր ցուցարար նշում է, որ ինքը Բաղրամյան պողոտայում է իր անհատական ընտրությամբ, իր պահանջով ու չկա համակարգող խումբ, որին հետևում է: Սա, սակայն, կարող է իր մեջ պարունակել թաքնված վտանգներ, քանի որ այս պայմաններում, երբ ամեն ինչ բարդվում է «ժողովրդի» վրա, գլուխ կբարձրացնեն սոցիալական շարժմանը քաղաքական ենթատեքստ տալ ցանկացողները: Հայտնվել էին քաղաքական բնույթի պաստառներ: 

Ինչ վերաբերում է պահանջներին, ապա մի խումբ ցուցարարներ, ովքեր ի դեպ չցանկացան խոսել ձայնագրիչի առկայության պայմաններում, նշեցին, որ ունեն երեք պահանջ, որոնք դեռ դրվել էին «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգման ժամանակ: Այդ պահանջներն են` «Էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկում», «էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում» և «պատիժ ոչ օրինաչափ գործողություններ իրականացնող ոստիկաններին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am