Տնտեսություն

Հայաստանի մուտքը ԵԱՏՄ սահուն չընթացավ ռուսական տնտեսության ճգնաժամի հետևանքով. Կարեն Ասոյան

13 րոպեի ընթերցում

Հայաստանի մուտքը ԵԱՏՄ սահուն չընթացավ ռուսական տնտեսության ճգնաժամի հետևանքով. Կարեն Ասոյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տնտեսության ճգմաժամը այն հիմնական պատճառն էր, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո դժվարացրեց հայ արտադրողների մուտքը միության շուկաներ: Այս կարծիքին է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի առևտրային ներկայացուցչը խոսել է հայ-ռուսական առևտրային կապերի, դեպի ռուսական շուկա տեղական ապրանքների արտահանման և իրացման հարցերի շուրջ:

-Այս տարի, երբ արդեն դարձանք Եվրասիական տնտեսական միության անդամ, հայ գործարարների մոտ մեծ էին սպասելիքները: Նրանք ակնկալում էին, որ մաքսային խոչընդոտների վերացումից հետո հեշտությամբ կմտնեն ԵԱՏՄ շուկա և կգտնեն իրենց տեղը։ Բայց պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ դյուրին չէ, ավելին՝ նկատվեց Հայաստանից ապրանքների արտահանման կտրուկ անկում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հեշտությամբ չստացվեց այս անցումը, ինչո՞ւմն էր խնդիրը։

-Այն, ինչ տեղի ունեցավ, կապված չէր ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի ընտրության հետ։ Պարզապես Հայաստանի պաշտոնական անդամակցությունը համընկավ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և ռուսական տնտեսության ճգնաժամի հետ: Այդ երկու հանգամանքները ազդեցություն ունեցան ռուսական շուկայում իրենց արտադրանքն իրացնող գործարարների վրա։ Ինչպես տեսանք, ռուբլին արժեզրկվեց մինչև 100 տոկոսով, և քանի որ մեր ընկերությունների մեծ մասն իրենց արտադրանքն արտահանելիս պայմանագրեր էին կնքել արտարժույթով, ապա զգալի վնասներ կրեցին։ Եթե նախկինում, օրինակ, գինին ՌԴ-ում արժեր մեկ դոլարին համարժք ռուբլի, ապա այդ ընթացքում ապրանքի գինը կրկնակի ընկավ։ Հայկական սննդամթերքը հայտնի է ռուսական շուկայում և շատ լավ էր իրացվում մինչև ռուսական ճգնաժամը: Նշեմ երկու թիվ, որոնք ապացուցում են ասվածը. սննդամթերքի սպառողականությունը ՌԴ-ում իջել է 25-30 տոկսով, իսկ ոչ պարենային ապրանքներինը՝ 60 տոկոսից ավելի: Այսինքն` խնդիրը ոչ թե Հայաստանի անդամակցությունն էր ԵԱՏՄ-ին, այլ ռուսական շուկայում տիրող իրավիճակը։

-Այսինքն, մտածում եք, որ եթե չլիներ ռուսական տնտեսության ճգնաժամը, հայ գործարարները չէին բախվի՞ այն խնդիրներին, որոնց հանդիպեցին հունվարի 1-ից հետո։

-Այո, պատճառը միայն ռուսական տնտեսության ճգնաժամն էր: Դրա համար հիմա փորձում ենք տարբեր միջոցառումներով շտկել իրավիճակը: Ապրիլի վերջին Կառավարության հանձնարարականով Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպեց «Made in Armenia» ցուցահանդեսը, որտեղ մենք բերեցինք ռուսական առևտրային ցանցերի պատվիրակությունների: Այս ցանցերի ներկայացուցիչները նախնական կապեր ստեղծեցին հայ արտադրողների հետ: Իհարկե, արդյունքների մասին միշտ չէ, որ մենք իմանում ենք, մեզ չեն զեկուցում։ Սակայն կարող եմ ասել, որ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Դրանից հետո միջոցառում կազմակերպեց Երևանի քաղաքապետարանը, որի հրավերով Երևան եկավ Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների դեպարտամանտի տնօրենը և իր հետ բերեց մանրածախ առևտրային ցանցերի ներկայացուցչների, որոնք ևս հանդիպեցին մեր արտադրողների հետ: Հիմա էլ պայմանավարվածություն ենք ձեռք բերել, որ Հայաստան ժամանեն միջին մակարդակի իրացնող ցանցերի ղեկավարներ։ Ծրագիր ենք մշակել, որ նրանց տանենք այգիներ, վերամշակող գործարաններ և լոգիստիկ կենտրոն, որտեղից արտահանում է իրականացվում: Փորձում ենք ինչ-որ ձևով թեթևացնել այս իրավիճակը։

-Կարծես թե վերջին շրջանում ռուբլին հետզհետե կայունանում է։ Արդեն նկատվո՞ւմ են դրական տեղաշարժեր։

-Այո՛, որոշակի կայունացում նկատվում է, և ռուսական շուկան էլ կամաց-կամաց վերականգնվում է: Նշեմ մի կարևոր փաստ. վերջին անգամ, երբ Հայաստան եկան ռուսական առևտրային ցանցերի ներկայացուցիչները, տեղի գործարարների հետ նրանք պայմանավորվում էին, որ ռուբլով պայմանագրեր ստորագրեն: Կարծում եմ՝ արտադրողների մի մասն ավելի շահագրգռված է ռուբլով պայմանագրեր կնքելու, ինչը զգալիորեն կհեշտացնի արտահանումը, քանի որ ռուսների համար ռուբլով վճարելն ավելի հեշտ է:

-Բայց նման պարագայում մեզ համար ավելի մեծ կլինեն ռիսկերը:

-Ռիսկերը կապված են ռուբլու փոխարժեքի հետ: Եթե այն տատանվի, բնական է, որ կիկին բարդ իրավիճակ կստեղծվի: Ես խոսել եմ մեր արտադրողների հետ, շուկան պահպանելու համար նրանք կրճատել են իրենց շահույթները, նույնիսկ որոշներն աշխատում են առանց շահույթի, միայն թե պահպանեն շուկան։ Նրանք վստահ են, որ ռուսական շուկան վաղ թե ուշ վերականգնվելու է: Կարևորը, որ այնտեղ հայկական արտադրանքը բարձր սպառողական վարկանիշ ունի։ Մինչև ճգնաժամը հայկական արտադրանք իրացնող ոչ մի դիլլեր երբևէ չի բողոքել, թե չի կարողանում իրացնել արտադրանքը։ Ընդհակառակը, բողոքում էին, որ չեն կարողնաում մեծ քանակներ ներմուծել Հայաստանից։ Այս ժամանակահատվածին մեր արտադրողները պետք է կարողանան ընբռնումով մոտենալ, մինչև շուկան վերականգնվի:

-Նախորդ տարի Դուք վերլուծություն էիք կատարել, թե ինչպես է ԵԱՏՄ-ին անդամակցությունը ազդելու Հայաստանի տնտեսության վրա: Կնշե՞ք վերլուծության կարևոր դրույթները։

-Միության ամենակարևոր ազդակն այն է, որ դրա տարածքում ապրանքները տեղաշարժվում են առանց խոչընդոտների։ Չկա սահման, չեն լինում մաքսային ձևակերպումներ և դրա հետ կապված վճարումներ։ Դա հեշտացնում է ապրանքների տեղափոխումը և իրացումը։ ԵԱՏՄ-ում մեր ընկերությունները կարող են ազատորեն ստեղծել իրենց ներկայացուցչություններն առանց լրացուցիչ դժվարությունների։ Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ ռուսական իրացնողները ընդունում են մեր որակի սերտիֆիկատները, և կարիք չկա կրկնակի սերտիֆիկացման։ ԵԱՏՄ տարածքում պետք չէ մեծ ծախսեր անել նաև գովազդի համար և ներկայացնել մեր արտադրանքը: Հայկական բրենդը այնտեղ ձևավորված է: Ռուսական շուկայի համար պետք չէ հնարել նոր բրենդ, նրանք ճանաչում են «Made in Armenia» պիտակը: Դա բավարար է, որ իրացվի մեր արտադրանքը:

-Խոսեցիք ապրանքների ազատ տեղաշարժի մասին, սակայն չնշվեց այն կարևոր հանգամանքը, որ միության հետ մեզ կապող միակ ցամաքային ուղին՝ Լարսի անցակետը, հաճախ խնդրահարույց է դառնում։ Այնտեղ խցանումներ են առաջանում, և մատակարարումը ուշացվում է։ Որքան հիշում եմ, Դուք նախորդ տարի այս հարցով դիմել էիք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Ի՞նչ արձագանքներ եղան։

-Այս հարցը միշտ քննարկվել է պետությունների ամենաբարձր մակարդակում։ Լարսի անցակետը բացվեց շնորհիվ նրա, որ հայկական կողմը երկար բանակցություններ վարեց ռուսական և վրացական կողմերի հետ։ ՌԴ-ն անում է հնարավորինը, որ մեր արտահանողների համար խնդիրներ չառաջանան։ Անցակետի իրենց կողմում նրանք առանձին կետ են ստեղծել ԵԱՏՄ միության անդամ երկրներից ժամանող մեքենաների համար, իսկ այս կողմից միայն Հայաստանն է միության անդամ։ Փաստորեն ՌԴ-ն ստեղծել է առանձին անցակետ, որ հայկական մեքենաները կարողնանան անցնել առանց հերթի։ Երկրորդ՝ ռուսական կողմը թույլ տվեց անցկացնել ակցիզային ապրանքները, այսինքն` Հայաստանից արտահանվող խմիչքները։ Խնդիրներն անցակետում առաջանում են բնական պայմանների հետևանքով։ Այդ ճանապարհը նեղ է և դժվար է լայնացնել, դա ահռելի գումարներ է պահանջում և մոտակա ժամանակներս հնարավոր չէ իրագործել։

-Քանի որ խոսք գնաց խմիչքների արտահանման մասին, խնդրում եմ ներկայացնեք` ինչ իրավիճակ է ներկայումս այդ շուկայում։ ՀՀ վարչապետի հետ գինեգործների հանդիպումից հետո ի՞նչ արդյունքներ կան։

-Մեր խմիչքների հիմնական շուկան այսօր դեռևս Ռուսաստանն է։ Դա վերաբերում է նաև գինիներին։ Բայց գինու արտահանումների հետ կապված երկու հարց կա։ Նախ, գինու երկրպագուները բավական պահպանողական են և դժվար է նրանց սովորեցննել նոր գինի գնել, դա ժամանակ է պահանջում: Վառ օրինակ է այն, թե ինչ հեշտությամբ վրացական խմիչքները հետ վերադարձան ռուսական շուկա։ Ռուս սպառողն ընտելացել էր այդ գինիներին: Մյուս հարցն այն է, որ վրացական գինիների հետվերադարձը որոշակի ազդեցություն ունեցավ հայկական գինիների վաճառքի վրա։ Սակայն պետք է նշեմ, որ հայկական գինիների գնորդները մեծամասամբ Ռուսաստանում ապրող հայերն են, հեևաբար, կարծում եմ՝ խնդիրները կկարգավորվեն։ Հայ գինեգործներին աջակցություն է տրամադրվում 2005 թվականից սկսած: Մոսկվայում ունենք «Արմենիա» ցուցահանդսային կենտրոնը, որն առաջիններից մեկն էր, որ սկսեց ներմուծել հայկական գինիներ և կազմակերպել համտեսներ: Դրանից հետո կազմակերպվեցին լուրջ համտեսներ, որոնց ժամանակ մեր գինեգործները ծանոթանում էին ռուս գնորդների հետ: Նման համտեսների ժամանակ շատ հայ արտադրողներ գտան իրենց համար գորխընկերներ։ Վերջին «Պրոդէքսպո» ցուցահանդեսում, օրինակ, հայկական ապրանքների համար ընտրել էիք ամենագրավիչ տաղավարները։ Դա անուղղակի աջակցություն էր հայ արտադրողներին, ավքեր ներկա գտնվեցին այդ ցուցահանդեսին։ Կամ օրինակ այն, որ ռուսական հայտնի ամսագրերում հրապարակվում են հայկական գինիներին վերաբերող հոդվածներ, կազմակերպվում են ռուս լրագրողների այցեր հայկական արտադրամասեր և այլն։ Չի կարելի ժխտել, որ օժանդակություն ցուցաբերվում է հայ արտադրողներին։

-Ամեն տարի մեզ համար խնդրահարույց էր դառնում ձկան, պանրի և որոշ այլ ապրանքների արտահանումը։ Ռոսսելխոզնադզորի ստուգումներից հետո մի շարք ապրանքների մուտքը ՌԴ շուկա արգելվում էր։ Միության կազմում հայտնվելուց հետո նկատվո՞ւմ են դրական տեղաշարժեր։

-Ռուսաստանը տարեկան երկու միլիարդ դոլար է ծախսում սահմանում ներմուծված ապրանքները հսկելու համար, որակն իրենց համար կարևոր է։ Ռոսսելխոզնադզորը հսկում է սահմանային անցակետերում, իսկ Ռոսպոտրեբնադզորը՝ ներքին շուկաներում։ Ըստ միության կանոնակարգերի՝ մեր ապրանքները պետք է ազատ ներմուծվեն և իրացվեն, և երբ որևէ խնդիր է առաջանում, ապա պետք է արձագանքի Ռոսպոտրեբնադզորը։ Բայց դեռևս Ռոսսելխոզնադզորը շարունակում է որոշ չափով հսկել ներմուծվող ապարանքների որակը։ Մերկայումս կարող եմ ասել, որ պանրի արտահանման հետ կապված որևէ խնդիր չունենք, ավելին՝ ՌԴ-ում պանրի մեծ պահանջ կա և այստեղ էլ պանիրը մեծ քանակով էարտադրվում։ Մեր խնդիրն է աջակցել պանրագործներին, որ ռուսական շուկա մտնեն, քանի որ այնտեղ պանրի վակուում է առաջացել։

-Ի՞նչ առումով։

-Ռուսական պատժամիջոցների պատճառով Եվրոպայից պանիր չի ներմուծվում։ Հիմա հնարավորություն է ստեղծվել այստեղից արտահանելու։ Երբ ռուսական առևտրային ցանցերը գալիս են Հայաստան, մեր խնդիրն է նրանց ծանոթացնել տեղական պանրի հետ։ Ձկան շուկայում ևս մեծ խնդիրներ չկան, այն ընկերությունները, որ արտահանում էին, շարունակում են արտահանել։Եթե մեր արտադրողները վստահ են իրենց արտադրանքի որակի վրա, մենք իրենց կօգնենք, որ այդ արտադրանքը առանց խնդիրների մտնի ռուսական շուկա։

-Ամփոփելով զրույցը՝ այս տարի ի՞նչ ծրագրեր ունեք հայկական ապրանքների արտահանումը խթանելու համար։

-Ծրագրում ենք այս տարի Ռուսաստանում կազմակերպել հայկական սննդամթերքի մեծ համտես։ Բացի այդ, հոկտեմբերին կայանալու է «Ոսկե աշուն» գյուղատնտեսական ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը կմասնակցի, ինչպես անցած տարի, երբ մեծ հետաքրքրություն առաջացավ մեր ապրանքների նկատմամբ։ Դա երկրի ղեկավարության կողմից կազմակերպվող ցուցահանդես է, և սպառողներից բացի, այնտեղ են լինում երկրի ղեկավարները։ Կարծում եմ՝ այս տարի ևս լավ մասնակցություն կունենանք ցուցահանդեսին։

Հարցազրույցը՝ Գոհար Ավետիսյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում