Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեւանի ափն այս տարի կազատվի 150 հեկտար անտառածածկ տարածքից

Սեւանի ափն այս տարի կազատվի 150 հեկտար անտառածածկ տարածքից

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեւանի մակարդակի բարձրացման  արդյունքում ջրածածկման վտանգի տակ գտնվող անտառների մաքրումն այժմ ընթանում է Նորատուսի եւ Ծովակի լճափնյա հատվածներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մաքրման աշխատանքներն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Արարատ Քոչարյանը, մայիսի 27-ի դրությամբ՝ ծառերից, արմատներից եւ բուսական այլ համակեցություններից  Նորատուսի հատվածում մաքրվել է 43, Ծովակում` 50 հեկտար անտառածածկ տարածք:

«Այս տարի նախատեսված է մաքրել 150 հեկտար անտառածածկ տարածք, որից անցած երեք ամիսների ընթացքում  մաքրվել է 93 հեկտարը: Աշխատանքներն ընթանում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ճահիճներում  եւ դեռեւս չջրածածկված տարածքներում: Ջրի վրա լողացող տրանսպորտային մաքրող երկու միջոցներին պատրաստվում ենք ավելացնել երրորդը: Ճահիճներում կամ ցամաքի վրա աշխատում են 2 արմատահան բուլդոզեր, 2 էքսկավատոր եւ արմատահան կոճղերն ու բուսական մնացորդները տեղափոխող 4 բեռնատար մեքենաներ: Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ այս տարվա վերջը, բայց, կարծում եմ, եղած տեխնիկական միջոցներով  ու աշխատուժով կկարողանանք սահմանված ժամկետից ավելի շուտ ավարտել աշխատանքները»,- նշեց Արարատ Քոչարյանը:   

Մաքրման աշխատանքներում ձեռնարկությունը ներդրել է այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք ճարտարագիտական նորարարության մտահղացման  արդյունք են` լիովին հարմարեցված նման բարդ տեղանքում աշխատելու համար: Թե՛ բուլդոզերին ամրացված երկաթյա հաստ ատամնաշարը, որը հողի խորքերից ամբողջությամբ հանում է արմատները, թե՛ ջրի մեջ աշխատող  լողացող տրանսպորտային միջոցը, որը արմատահան է անում լճում մնացած կոճղերն ու արմատները, թե՛ արմատախիլ հարված կոճղերը բեռնող տեխնիկաները ներդրված են են «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ միջոցներով եւ հստակորեն են լուծում ջրածածկված կամ ջրածածկման վտանգի տակ գտնվող անտառապատ տարածքներից մաքրման  աշխատանքների խնդիրները: «Աշխատանքներն առավել բարդ են ջրի  մեջ ու ճահիճներում: Եթե չհնարեինք ու չկիրառեինք արմատահան անող, բեռնող, անհրաժեշտ այլ գործողություններ կատարող սարքերը, դժվար թե կարողանայինք  այսքան սեղմ ժամկետներում նման ծավալի մաքրման աշխատանքներ իրականացնել: Հուսով եմ, որ հատուկ այս տեխնիկան գործին հարկավոր կլինեն ու իրենց բուն նպատակին կծառայեն մինչեւ մաքրման աշխատանքների ավարտը»,- ընդգծեց Արարատ Քոչարյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մաքրման աշխատանքների դինամիկան եւ որակը բարձր  գնահատեց  ՀՀ բնապահպանության նախարարության  ծրագրերի իրականացման գրասենյակի բյուջետային ծրագրերի իրականացման բաժնի պետ Գրիշա Բաղդասարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am